Tuesday, May 25, 2010

ՌՈՒՍՆԵՐԻՆ ՏԱՐԱ՞ԾՔՆ Է ՊԵՏՔ

«Լրագիր» 25-5-2010- Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ներգրավված պետությունները` Ռուսաստանը, ԱՄՆ, Եվրամիությունը, ինչպես նաեւ Թուրքիան ու Իրանը, պետք է ձեւակերպեն ընդհանուր մոտեցում այն տարածքների մի մասի վերադարձի կապակցությամբ, որոնք գտնվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հսկողության տակ, Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց: Այդ մասին մայիսի 25-ին Երեւանում հայտարարել է ԱՊՀ Ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախագահի ԱՊՀ գործերի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, մասնակցելով “Իրավիճակը Կովկասում եւ ռեգիոնալ զարգացման հեռանկարները” թեմայով համաժողովին: Այդ մասին տեղեկացնում է Ռեգնումը: Զատուլինը համոզմունք է հայտնել, որ Ղարաբաղի ժողովուրդը վաստակել է ինքնորոշման իրավունք, սակայն “ցավոք սրտի, բառերի ահագին զանգված է ասվել, որպեսզի դա չկայանա”: Ընդ որում, Զատուլինն ընդգծել է, որ իր անձնական կարծիքը որեւէ առնչություն չունի Ռուսաստանի արտգործնախարարության կամ Դաշնային Խորհրդի պաշտոնական դիրքորոշման հետ: Նա վստահ է, որ Ղարաբաղի հակամարտության լուծումը մոտ է, եւ որպեսզի հանգեն պայմանավորվածությունների, պետք է կողմերի քաղաքական կամքը: Նա հերթական “բլեֆ” է համարել պատերազմ սկսելու ադրբեջանական հավաստիացումները: Զատուլինը համարում է, որ Բաքուն չի գնա ռազմական ռեւանշի, քանի որ այդ երկրում այժմ տնտեսական աճ կա: Զատուլինն ասել է, որ ռազմատենչ հայտարարությունները Կովկասում որեւէ մեկին պատիվ չեն բերում: Զատուլինի խոսքով, Ռուսաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունը Ադրբեջանի հետ, սակայն կան երկկողմ պրոբլեմատիկ պահեր: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, չի պատրաստվում դառնալ Եվրազեսի մասնակից, ինչպես նաեւ հանդիսանում է ՎՈՒԱՄ անդամ, որը ստեղծվել էր ՀԱՊԿ եւ Եվրազեսի ուժերին որպես ինչ որ հավասարակշռություն:

No comments: