Tuesday, May 25, 2010

Կ. Զատուլինը Կովկասյան բլեֆ է որակում ԼՂ հարցի ռազմական ճանապարհով լուծմանն ուղղված հայտարարությունները

Panorama.am. 25-5-2010- «Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը ռազմական ռեվանշի ճանապարհով կգնա, քանի որ Ադրբեջանի տնտեսությունը աճում է, իսկ ռազմական գործողությունները՝ կապիտալի ներդրման ամենավատ քարոզչությունն են, այդ պատճառով ես դրան վերաբերվում եմ որպես բնական կովկասյան բլեֆի»,- այս մասին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նա ընդգծեց, թե չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի ներկայիս քաղաքական ռեժիմի ներկայացուցիչները աչքի են ընկնում որոշակի հռետորությամբ, սակայն որոշակի հույսեր կա պնդելու, որ ադրբեջանական իշխանությունները որոշակի սահմանագիծը չեն շրջանցի: Կ. Զատուլինը նշել է, որ ԼՂ հիմնախնդրում ներգրավված պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, և ԵՄ-ն պետք է միասնական դիրքորոշում որդեգրեն: Նրա խոսքերով՝ ինքը միշտ էլ ասել է, որ հարցի լուծումը պետք է տեղի ունենա փոխզիջումների հիման վրա: Այսինքն, ըստ նրա, ԼՂՀ իքնապաշտպանական ուժերի կողմից զբաղեցված որոշ տարածքների դիմաց Ղարաբաղը պետք է անկախություն ձեռք բերի: Տեղեկացնենք, որ այսօր Երևանում, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ մեկնարկել է՝ «Իրավիճակը Կովկասում և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային կոնֆերանսը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

No comments: