Monday, May 17, 2010

Էրդողանն Ալիևին համոզելու է բավարարվել Քելբաջարով և Ֆիզուլիով. Hurriyet

Tert.am. 17-5-2010- Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մեկնել Ադրբեջան, որտեղ Բաքվի վարչակազմի հետ կստորագրի երկար սպասված գազային համաձայնագիրը: Բացի այդ, թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, Բաքվի իշխանությունների հետ բանակցությունների առանցքային թեմաներից է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, որի շրջանակում բանակցային սեղանին է դրվելու հայկական ուժերի` ոչ թե 7, ինչպես Ադրբեջանն է համառում, այլ երկու շրջաններից դուրս գալու հարցը: «Վարչապետ Էրդողանի Բաքու կատարելիք այցը կարևոր նշանակություն ունի ինչպես գազի գնի շուրջ ձեռք բերված համաձայնության, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդրի տեսանկյունից: Էրդողանի այցի օրակարգում է ղարաբաղյան հակամարտության հետ կապված վերջին առաջարկությունը, որի համաձայն, եթե հայերը դուրս գան Ղարաբաղի հարակից 7 շրջաններից 2-ից, Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ սահմանադուռը»,- գրում է Hurriyet-ը` շարունակելով. «Եթե անգամ Բաքվի վարչակազմը հանրությանն ուղղված իր հայտարարություններում ընդգծում է, թե «5+2» բանաձևից հետքայլ չի անելու, այնուամենայնիվ, 2 շրջանների հարցի առնչությամբ շարունակվում են քննարկումները: Նշվում է, որ այդ երկու շրջաններն են Քելբաջարը և Ֆիզուլին: Անկարան հայ-թուրքական սահմանը փակել է 1993 թվականին, երբ Քելբաջարն անցավ Հայաստանի ձեռքը: Այդ պատճառով հայերի` Քելբաջարից դուրս գալու հարցը կենսական նշանակություն ունի Անկարա-Երևան հարաբերությունների տեսանկյունից: Եթե ընդունվի այդ առաջարկությունը, կիրականանան Թուրքիայի` Քելբաջարի հարցում ակնկալիքները, ինչպես նաև կբացվի հայ-ադրբեջանական սահմանը, ինչն էլ իր հերթին կհեշտացնի Անկարայի կողմից սահմանի բացումը: Սակայն 2 շրջանների հետ կապված առաջարկության հարցում առայժմ իրենց խաղաքարտերը չեն բացում ոչ Երևանը, ոչ էլ Բաքուն»,- նշում է թուրքական պարբերականը: Hurriyet-ն ընդգծում է նաև, որ եթե Երևանը հրաժարվի ընդունել Ղարաբաղի հարակից շրջանների հետ կապված նոր առաջարկությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է շատ երկար ժամանակ սառեցված մնալ: «Գործընթացի կարևոր տարրերից է համարվում շրջանների թվի նվազեցման հարցը: Անկարան նուրբ դիվանագիտությամբ աշխատում է այն ուղղությամբ, որ Երևանն ազդանշան տա շրջաններից դուրս գալու հարցում: Իսկ սրա շնորհիվ պարարտ հող կնախապատրաստվի Արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողովում վավերացնելու և Հայաստանում առկախված գործընթացը վերսկսելու համար: Իշխանական աղբյուրները նշում են, որ եթե հայկական կողմը շրջանների հետ կապված նոր առաջարկության հարցում դրական մոտեցում չցուցաբերի, Անկարան, հնարավոր է, շատ երկար ժամանակով սառեցնի հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- եզրափակում է Hurriyet-ը: Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մայիսի 16-ին Բաքու նախատեսված այցելությունը հետաձգվել էր, քանի որ թուրք վարչապետի Իրան մեկնելու առնչությամբ: Ներկա պահին Թայիփ Էրդողանը գտնվում է Թեհրանում` այնտեղ Իրանի միջուկային խնդրի շուրջ Թեհրան-Բրազիլիա-Անկարա եռակողմ համաձայնությունն ստորագրելու նպատակով: Էրդողանի Թեհրանից մեկնելու է Վրաստան և Ադրբեջան:

No comments: