Tuesday, May 18, 2010

«Մայքրոսոֆթն» ավարտում է Windows 7-ի հայերենացումը

Aysor.am. 18-5-2010- «Մայքրոսոֆթ» ընկերության Windows 7 համակարգի հայերենացման աշխատանքները գտնվում են վերջնական փուլում, իսկ Microsoft Office 2010 փաթեթի հայերենացումը սկսվել է: «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիքոր Բարսեղյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ սկսվել են նաև Office 2010-ի հայերենացման աշխատանքները, որի վաճառքն աշխարհում սկսվել է ընդամենը մի քանի օր առաջ: «Համակարգերի հայերենացումը բավականին բարդ պրոցես է, որն ավելի շատ լեզվաբանների և լեզվի մանագետների խնդիր է: Մեր տեսակետից այստեղ հետաքրքված 2 կողմեր կան. մեկն ասում է` անիմաստ է ամբողջը թարգմանել և կարելի է անգլերեն տերմիններն օգտագործել հայերեն տառերով, իսկ մաքսիմալիստական մոտեցումն ասում է, որ ամբողջը պետք է թարգմանվի հայերեն»,- հայտնեց Գ. Բարսեղյանը` ներկայացնելով նաև իր տեսակետը, որ հարկավոր է բալանսավորված մոտեցում` համատեղելով անգլերեն տերմիններն ու հայերեն բառերը. «Ամենակարևորը` օգտագործողների կարծիքն է, թե որքանով է նրանց համար մատչելի և հարմար»: Նա նշեց, որ «Մայաքրոսոֆթը» բավականին մեծ ներդրումներ է կատարում ընկերության առաջարկները հայերենացնելու, տեղայնացնելու համար: Windows XP, Windows Vista համակարգերը, Office 2007 գրասենյակային համակարգերն արդեն իսկ հասանելի են հայերեն լեզվով, և դրանք կարելի է անվճար ներբեռնել ընկերության վեբ-կայքերից: Գ. Բարսեղյանը մատնանշեց մի կարևոր փաստ ևս` Office 2007 համակարգը ներառում է հայկական ուղղագրական ծրագիրը, որը թույլ է տալիս unicod տառատեսակների դեպքում սխալներն ուղղել:

No comments: