Saturday, June 12, 2010

Եթե մեզ չխանգարեն, կհասնենք արդյունքի, Երևանում հայտարարում է ադրբեջանցի պատվիրակը

Tert.am. 12-6-2010- Երևանում անցկացվող «Սոցինտերն» կազմակերպության ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի սոցիալ–դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, Ադրբեջանի ժողովուրդների վեհաժողովի իրավապաշտպան Սալադին Ալլահվերդիևը։ Լրագրողների հետ զրույցում ադրբեջանցի պատվիրակն այսօր հայտարարեց. «Երբ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարիների ընթացքում չի կարողանում լուծել խնդիրը, ու չկա որևէ առաջընթաց, և չի երևում դրա վերջը, մենք ստիպված ենք նման տեսակետ հայտնել, որ խնդրի լուծման ճանապարհը պատերազմն է։ Իհարկե, պատերազմը ոչ մեր, ոչ ձեր կառավարությունը, ոչ մեր և ոչ էլ ձեր ժողովուրդը չեն ուզում։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին կլինեն պատերազմի արդյունքները, որովհետև եթե պատերազմ սկսվի, դրանում կներգրավվեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև այլ պետություններ»։ Ադրբեջանցի պատվիրակի խոսքով, «եթե մեզ ոչ ոք չխանգարի, մենք կհասնենք արդյունքի, և որևէ խնդիր չի լինի»։ Tert.am–ի հարցին, թե ո՞ր երկրներն են խանգարում մեզ լուծել ղարաբաղյան հակամարտությունը, Ալլահվերդիևը պատասխանեց. «Մեզ խանգարում են երրորդ երկրները։ Բոլորին հայտնի է, թե դրանք որ պետություններն են։ Դրանք այն պետություններն են, որոնք տնտեսական, քաղաքական հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում»։ Նա չհամաձայնեց այն տեսակետին, որ հակամարտության կարգավորմանը խոչըդոտում է նաև Թուրքիան։ «Թուրքիան շահագրգիռ կողմ է, բայց Թուրքիան և Վրաստանը միակ պետություններն են, որոնք ոչ միայն չեն խանգարում հակամարտության լուծմանը, այլև օգնում են»,– հայտարարեց Ադրբեջանի սոցիալ–դեմոկրատական կուսակցության փոխնախագահը։ Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս կարող է Թուրքիան օբյեկտիվ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եթե հայտարարում է, թե Ադրբեջանն իր կրտսեր եղբայրն է, ադրբեջանցի կուսակցականը հարցով պատասխանեց. «Նույն հարցը կարող եմ ես ձեզ տալ՝ Հայաստանը կարո՞ղ է օբյեկտիվ լինել»։ Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական դոկտրինին, որում նշվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի հնարավորությունը՝ Սալադին Ալլահվերդիևը պարզաբանեց, որ այդ կետը չի հակասում իրենց Սահմանադրությանը։ Ըստ նրա՝ իրենք այդ հարցում կարող են հղում կատարել միջազգային իրավունքին։

No comments: