Sunday, September 4, 2011

«Wikileaks». Ալիևը իր դժգոհություններն է հայտնել Սեմնեբիին. «Արևմուտքի երկրները անտեսում են Ադրբեջանին»

Panorama.am. 3-9-2011- «Wikileaks»-ի կողմից հրապարակված SECTION 01 OF 02 BAKU 000787 փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ դեսպանությունը Մեծ Բրիտանիայի դեսպանից և Ֆրանսիայի փոխդեսպանից տեղեկացել է այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-թուրքական գործընթացի հետ կապված իր դժգոհությունն է արտահայտել` սեպտեմբերի 29-ին այցելելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Ըստ այս աղբյուրների, որոնք ներկա չեն եղել հանդիպմանը, բայց տեղեկացվել են հանդիպման արդյունքների մասին` Ալիևը Սեմնեբիի հետ զրույցում հանգամանորեն ներկայացրել է իր դժգոհությունները` ասելով, որ «Արևմուտքի երկրները», առաջ մղելով Թուրքիային և Հայաստանին` անտեսում և վնասում են Ադրբեջանի շահերը: (Ֆրանսիայի փոխդեսպանն ավելացրել է, որ Ալիևը, կարծես թե, այս հարցում տարբերություն չի դնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև): Ալիևն ասել է Սեմնեբիին, որ եթե Ադրբեջանի շահերն անտեսվեն Արևմուտքի կողմից, նա կարող է գազը վաճառել Հյուսիսի, Հարավի, անգամ Արևելքի երկրներին, բայց ոչ Արևմուտքին:
Ըստ փաստաթղթի` դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Թուրքիան` օգոստոսի 31-ի հայտարարությանը նախորդող օրերին, հմուտ դիվանագիտական հնարքների և հավաստիացումների միջոցով կանխել է Ադրբեջանի տաքարյուն արձագանքն այս հայտարարությանը: Թուրքիան, հավանաբար, փորձում էր կրկնել դա նաև վերջին օրերին Էրդողանի այն հայտարարությամբ, թե Թուրքիան երբեք չի անի մի քայլ, որը կհակասի Ադրբեջանի շահերին` այսպիսով փորձելով հավասարակշռություն ստեղծել` հոկտեմբերի 10-ին նախատեսված արձանագրությունների ստորագրումից առաջ:
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ հոկտեմբերի 10-ը կարող է նույնքան վճռորոշ լինել Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին մտահոգող հարցերի առումով, որքան ապրիլի 7-ը, երբ Ալիևը հրաժարվեց մասնակցել Ստամբուլի գագաթաժողովին և դրանով գրեթե ուղուց շեղեց Թուրքիայի քաղաքականությունը: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցը Ալիևի հետ վճռորոշ եղավ` Ադրբեջանին իր նախկին դիրքերին վերադարձնելու առումով:

No comments: