Tuesday, June 29, 2010

ՄԱՐԿՈՒՍ ԲԵՌՆԱՏԻ «ՎՐԵԺԸ»` ԲԱՔՎԻՑ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻՆ` ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐ

«ԱԶԳ», 29-06-2010- «Ազգը» Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպենդելեգերի Բաքու եւ Երեւան այցերից առաջ տեղեկացրեց, որ Բաքու մեկնող ավստրիական պատվիրակության կազմից Բաքվի պահանջով «հանվել» է Der Standart թերթի լրագրող, Կովկասի մասնագետ Մարկուս Բեռնատը. պատճառը լրագրողի նախապես այցելությունն է Լեռնային Ղարաբաղ: Ավստրիական պատվիրակությունը Բաքու ժամանեց առանց Բեռնատի, որը, սակայն, Վիեննայում էլ «չկորցրեց հետաքրքրությունը» Ադրբեջանի նկատմամբ: Հունիսի 25-ին Der Standart-ում լույս տեսավ Բեռնատի հեղինակած «Ալիեւների դինաստիան» վերնագրով ծավալուն հոդվածը, որտեղ լրագրողը խիստ կասկածի տակ է առնում այն արժեհամակարգը, որի հիման վրա կառուցվում են ավստրո-ադրբեջանական հարաբերությունները: Բեռնատը «տարածաշրջանում ավստրիական հավասարակշիռ դիրքորոշման խախտում է տեսնում» այն փաստում, որ Վիեննան Բաքվում բացեց Կովկասում միակ դեսպանատունը. «Սրա պատասխանն ունի երեք տառ` OMV», գրում է Բեռնատը: OMV-ն ավստրիական վառելիքաէներգետիկ ոլորտում աշխատող խոշորագույն ընկերությունն է, որն ակտիվորեն շահագրգռված է միջազգային «Նաբուկկո» ծրագրով: «Միայն այս հանգամանքն է պատճառը, որ Ավստրիան դեսպանատուն բացեց ավտորիտար ռեժիմով Ադրբեջանում: Դրա համար, ինչպես կարծում են ոմանք Վիեննայում, արժե քաղաքական զոհողությունների գնալ», գրում է Բեռնատը: Այնուհետեւ ավստրիացի լրագրողը մանրամասն տեղեկացնում է Ալիեւների կլանի գործունեության մասին, Բեռնատը հիշեցնում է The Washington Post-ի հրապարակման մասին, որտեղ պատմվում էր Իլհամ Ալիեւի որդու` կրտսեր Հեյդար Ալիեւի անունով Դուբայում 9 վիլլայի ձեռքբերման փաստի մասին. «Նկատենք, որ այս ամենի արժեքը 44 մլն դոլար է, այսինքնՙ այնքան, որքան ադրբեջանցին կարող է վաստակել 10 հազար տարում», շեշտում է Բերնատը: Լրագրողը նաեւ ընդգծում է, որ ավստրիական ներկայացուցչական պատվիրակության Բաքու այցելությունը սկսվեց Հեյդար Ալիեւի շիրիմին ծաղկեպսակ դնելով. «Հեյդար Ալիեւըՙ Ադրբեջանի կենտկոմի երկարամյա քարտուղարը, ավելի ուշ` երկրի նախագահը, դարձել է անձի պաշտամունքի օբյեկտ: Նույն Ալիեւ ավագն իր որդուն փոխանցեց սկզբում կառավարությունը, հետո նաեւ Իլհամ Ալիեւը դարձավ հոր ժառանգորդը` նախագահի աթոռին», գրում է Բեռնատը` շարունակելով «մերկացնել» ադրբեջանական իշխանությունների իրական էությունը եւ ապացուցելով ադրբեջանա-ավստրիական հարաբերությունների ոչ արժեքային հիմք ունենալը: Նույն օրերին իրանական «Արաննյուզ.իռ» կայքում վերլուծաբան Արեֆ Մոհամմադզադեն նույնպես ծավալուն հոդվածով է հանդես գալիս. «Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության մեծամասնությունը հայեր են եղել, 1918-ին` կովկասյան 3 հանրապետությունների ստեղծման ժամանակ, Հայաստանի մի մասն էր: Հետագայումՙ ԽՍՀՄ օրոք, Ստալինի հրամանով, միացվում է Ադրբեջանի սովետական հանրապետությանը. Կովկասում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ սկիզբ է դրվում լուռ հակամարտության», Ղարաբաղի պատմության որոշ բացահայտումներ է անում իրանցի վերլուծաբանը: Մոհամմադզադեն գրում է. «Ադրբեջանն արդեն 8 տարի էՙ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, մշտապես սպառնում է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Այս քայլով Իլհամ Ալիեւը, ինչպես եւ իր հայրը, փորձում է հակամարտությունը ծառայեցնել իր իշխանության շարունակականության ապահովմանը: Սակայն Բաքուն ամբողջովին թաղված է անբարոյականության մեջ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լուրջ խնդիրների առջեւ, հետեւաբար Իլհամ Ալիեւին երբեք չի հաջողվի դա իրականացնել»: Եթե Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանության» մասին խոսում են միայն ադրբեջանցիները, ապա Ադրբեջանի քաղաքներում կատարված Հայոց ցեղասպանության մասին արդեն բարձրաձայնում են նաեւ իսլամական Իրանում. «Ադրբեջանի Հանրապետությունը իր ստեղծման օրվանից հայերի նկատմամբ իրականացրել է վայրագ քաղաքականություն: Հայերի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն, եւ այսքանից հետո հայերն ինչպե՞ս կարող են երբեւէ ապրել Ադրբեջանի կազմում», հռետորական հարց է ուղղում Արեֆ Մոհամմադզադեն: Հիշեցնենք, որ վերջին օրերին սա արդեն երկրորդ հրապարակումն է Իրանում Ղարաբաղի իրական պատմության վերաբերյալ: «Ազգը» հունիսի 23-ի համարում փոխանցեց որոշ մանրամասնություններ իրանական «Աբրար» թերթի հրապարակումից, որտեղ շեշտվում էր «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը». «ԼՂ բնակչությանը չպետք է պարտադրել, թե որտեղ ապրի», ընդգծել էր իրանական թերթը: Անշուշտ, Իրանի այս հակաքայլերը կարող են դիտարկվել որպես սոսկ նախաձեռնություններ` ընդդեմ երկրի հյուսիսի նկատմամբ ադրբեջանական նկրտումների, այնուամենայնիվ, փաստ է, որ Իրանում էլ «հաճախակի են ճանաչում Ղարաբաղը` հայկական»: Հ. ԱՖՅԱՆ

No comments: