Thursday, June 24, 2010

Թուրքերը հո խիա՞ր չեն, որ ամեն դարում փոխվեն. փորձագետ

Tert.am. 24-6-2010- Կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանի խոսքով՝ պետք չէ խորանալ՝ հասկանալու համար, թե թուրքերն ու ադրբեջանցիները ինչու են Հայաստանի հետ վատ վարվում. «պետք է ուղղակի պատմություն իմանալ»։ «Եթե մենք ուշադիր հետևենք 1-1,5 տարի հնչող մտահոգություններին, պարզ կդառնա, որ հիմա մենք քաղում ենք այն, ինչի մասին զգուշացվել էր։ Ես գտնում եմ, որ ֆուտբոլային դիվանագիտությամբ պետք է ֆուտբոլի ուղղությունը ուժեղացնել, իսկ դիվանագիտությամբ՝ դիվանագիտական։ Պետք չէ խառնել՝ ֆուտբոլի ժամանակ դիվանագիտություն խաղալ, դիվանագիտության ժամանակ՝ ֆուտբոլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետը։ Ըստ նրա՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վատացման երկու գլխավոր պատճառ կա։ Առաջինն այն է, որ երբ քաղաքականության մեջ սկսում ես հայտարարել խաղաղասեր ցանկություններ և խոսում փոխզիջումների մասին, հակառակորդն սկսում է մտածել՝ իսկ կարո՞ղ եմ ես այս պայմաններում մի քիչ ավելի շատ ունենալ։ «Մենք սկսեցինք ամբողջ աշխարհով մեկ գոռալ-գոչել, որ 21-րդ դարում ուրիշ թուրքեր են, այդ հեքիաթներն սկսեցինք տարածել։ Դե պարզ է՝ թուրքերը հո խիա՞ր չեն, որ ամեն դարում փոխվեն։ Նրանք այնպիսին են, ինչպիսին կան։ Բնական է, որ գիշատիչը մի սկզբունք ունի՝ երբ ինքը տեսնում է, որ դու սկսում ես զիջել, սկսում ես աղերսեր և ինչ-որ խաղաղասեր կոչեր անել, ինքը կուզենա ավելի շատ։ Մենք ինչ որ պետք էր պրատակոլներով զիջել էինք և զարմանում էինք, թե թուրքերն ինչո՞ւ չէին վավերացնում։ Պետք չէ զարմանալ, որովհետև նրանք մտածում էին՝ մեր ուղղությամբ զիջել են, մի հատ էլ ադրբեջանի ուղղությամբ թող զիջեն, մենք էլ քթներս կխոթենք Ղարաբաղի հարցի մեջ»,- բացատրեց նա։ Մեսրոբյանի խոսքով՝ լարվածություն ստեղծող երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանում տարեցտարի ներքին թուլացում է արձանագրվում թե՛ տնտեսական, թե՛ այլ ոլորտներում. «Իսկ գիշատիչը մի լավ հատկություն ունի, դրա համար էլ ինքը գիշատիչ է և սովից չի մահանում. ինքն զգում է դիմացինի թուլությունը։ Այս երկու պատճառները բերում են նրան, որ լարվում է իրավիճակը»։ Ըստ նրա՝ հակառակորդի հետ պետք է խելացի քաղաքականություն վարել։ «Պարտադիր պայման չէ, որ ով սկսի պատերազմը, նա էլ կպարտվի։ Եկեք, հազար ներողություն, մանկամիտ մտքերի գիրկը չընկնենք։ Նույն տրամաբանությամբ ասենք՝ քանի որ Կոսովոյի անկախությունն ընդունել են, Ղարաբաղինն էլ կընդունեն։ Տեսնում եք՝ չեն ընդունում։ Հետևաբար այս copy-paste-ը չի աշխատում»։

No comments: