Saturday, June 5, 2010

ԼՂՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ Հայաստանի դեսպանի նամակը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

7or.am. 5-6-2010- Այսօր Միացյալ Ազգերի Կազմակերպությունը պաշտոնապես շրջանառում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներակայացուցչի նամակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախում) տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ' հղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին։ Այդ նամակում դեսպան Կարենբ Նազարյանն իր աջակցությունն է հայտնել մայիսի 23-ի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնք դրական են գնահատվել տարբեր երկրների անկախ դիտորդների կողմից՝ հաշվի առնելով նրանց կազմակերպվածությունը, ակտիվ մրցակցությունը և հավատարմությունը օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին։ Նազարյանը նշել է, որ Ադրբեջանի պետական քարոզչամեքենան շրջանառում է այլ նամակ, հաղորդագրություններ ու հոդվածներ և անհիմն ու վտանգավոր մեղադրանքներ է ներկայացնում հայկական կողմին՝ նպատակ ունենալով վարկաբեկել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական կարևոր գործընթացը։ Չնայած ադրբեջանական կեղծ քարոզչությանը՝ Հայաստանի դեսպանն իր նամակում նշել է. -Որպես ազատ, արդար և համազգային ընտրությունների արդյունք՝ Արցախում հաստատվել են ամուր քաղաքական կառույցներ, օրինական իշխանություններ, գործող կառավարություն, ընտրված խորհրդարան, անկախ դատարան և քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի վրա։ Ժողովրդավարական արժեքներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավատարմությունն ակնհայտորեն նպաստում է բարձր մակարդակի և շարունակական մասնակցությանը քաղաքացիական գործընթացներին։ Ըստ դեսպանի՝ սեփական ճակատագիրը որոշելու Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքի ճանաչումը խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների կենտրոնում է, որի հիման վրա ընթանում են բանակցությունները։ Դեսպան Նազարյանը նշել է, որ միջազգային հանրությունը և մասնավորապես Ադրբեջանը պետք է ավելի քան շահագրգիռ լինեն ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների ժամանակ Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ համագործակցելու հարցում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա ԵԱՀԿ ՄԽ կողմից նախատեսված մանդատ է։ Ավելին, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են հայտարարել, նրանք հասկանում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների կողմից բնակչության հանրային կյանքը ժողովրդավար կերպով կազմակերպելու փորձի անհրաժեշտությունը։ Նամակում հայտարարվում է. «Մայիսի 23-ի ընտրություններն ապացուցում են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունն ամրապնդելու նկատմամբ Արցախի իշխանությունների ու ժողովրդի հավատարմությունը։ Այս ընտրություններով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները ևս մեկ անգամ հայտնեցին ազատ և անկախ ապրելու իրենց վճռականությունը»։

No comments: