Wednesday, June 23, 2010

Թուրք նախարարը դեմ չէ Վիլյամ Սարոյանի Բիթլիսի տունը թանգարանի վերածել

Panorama.am. 23-6-2010- Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս, անդրադարձել է նաև ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի` Բիթլիսում գտնվող տան խնդրին: Ըստ թուրքական «Cumhuriyet» օրաթերթի`թուրք նախարարը նշել է, որ դեռևս հայտնաբերված ու հաստատված չէ, թե որտեղ է գտնվում Սարոյան ընտանիքի տունը Բիթլիսում: «Եթե հաստատվի, որ տվյալ տունը Սարոյանինն է և դա տուն-թանգարանի վերածելու դիմում ներկայացվի, ապա մենք կաշխատենք ընթացք տալ այդ դիմումին, ինչպես որ հարկն է, քանի որ մենք բարեկամաբար ենք տրամադրված մեր հողերում բնակվող ամենքի հանդեպ` անկախ կրոնական կամ էթնիկական պատկանելությունից»,- ասել է թուրք նախարարը: Նկատենք, որ Բիթլիսի վերաբերյալ թուրք նախարարի հնչեցրած «մեր հողեր» արտահայտությունը հիմնազուրկ ու հակապատմական է: Բիթլիսը (Բաղեշ) եղել է Արևմտյան Հայաստանի նահանգներից մեկը: Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում` ընդգրկելով Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն: Ընդհանուր տարածքը 27.3 հազ քառ կմ է, մեծ մասով համապատասխանում է պատմական Աղձնիք և Տուրուբերան աշխարհներին: Հայոց ցեղասպանության նախօրեին նահանգի հայության թիվը կազմում էր շուրջ 200.000, որից փրկվեց միայն 56 հազարը:

No comments: