Friday, June 25, 2010

Ի՞ՆՉ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

Բաքվի թաթարները և նրանց տերերը` Ստամբուլի թուրքերը, պարբերաբար խոսում են Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մասի, իբր, ռազմակալման (occupation) մասին: Միանգամայն հիմնազուրկ պնդում: Նման պնդման համար հիմքեր են պետք: Հիմքերից մեկը խնդրո առարկա տարածքի միջազգային իրավունքով ամրագրված տիտղոսի առկայությունն է: Այսինքն, որպեսզի Ադրբեջանի տարածքի որևէ մաս համարվի որևէ մեկի կողմից ռազմակալված, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ունենա և վկայակոչի այն միջազգային փաստաթուղթը, որով, այսպես կոչված, ռազմակալված տարածքի վրա ճանաչված է եղել Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը: Սա միջազգային իրավունքի հիմնարար դրույթ է, քանի որ միջազգային օրենքը հստակ է` ցանկացած տարածքի պատկանելությունը որևէ պետության պայմանավորված է միջազգային օրինական փաստաթղթով ամրագրված տիտղոսով և տվյալ տարածքի վրա հաստատված գերիշխանությամբ (sovereignty): Համառոտակի անդրադառնանք վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքի տիտղոսին: Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով 1555թ.-ից Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա միջազգայնորեն ամրագրված է եղել Պարսկաստանի տիտղոսը: 19-րդ դարի սկզբին Հարավային Կովկասի արևելյան հատվածն անցավ Ռուսաստանի կայսրությանը, ըստ այդմ, 1813թ.-ի Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիտղոսն ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Անվիճելի է, որ 1813-1918թթ. Ղարաբաղի վրա (նկատի ունեմ և Լեռնային և Դաշտային Ղարաբաղը) անվերապահորեն հաստատված է եղել Ռուսաստանի կայսրության տիտղոսն ու գերիշխանությունը: Բոլշևիկյան հեղաշրջման պատճառով (1917թ.) Ռուսաստանի կայսրության կործանման հետևանքով Հարավային Կովկասում թեև առաջացավ քաղաքական անհստակ վիճակ, միջազգային իրավունքի և տարածքի տիտղոսի տեսանկյունից մինչև 1920թ. հունվարը ամեն ինչ հստակ մնաց, քանի որ մինչև 1920թ. հունվարը միջազգային հանրությունը մերժել է ճանաչել հարավային Կովկասի երեք նորաստեղծ պետությունները, հետևաբար շարունակել ճանաչել Ռուսաստանի կայսրության տիտղոսը: Միայն 1920թ. հունվարից Փարիզի խաղաղության վեհաժողովը, հանձինս Գերագույն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց Հարավային Կովկասի երկրների անկախությունը: Ըստ էության մինչ այդ` 1918թ. մայիսից մինչև 1920թ. հունվարը, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունները, ժամանակակից լեզվով ասած, միայն ինքնահռչակ հանրապետություններ էին: Կարևոր է ընդգծել, որ Փարիզի վեհաժողովի ճանաչումը հստակ նախապայման ուներ` Հրավային Կովկասի երկրների սահմանները հետագայում որոշվելու էին Փարիզի վեհաժողովի կողմից: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների հռչակումից (1918թ. մայիս) մինչև նրանց ճանաչման սկիզբը (1920թ. հունվար) ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը ճանաչված չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա, այլև Ադրբեջանի Հանրապետությունը երբևէ Լեռնային Ղարաբաղի վրա չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Ավելին, Ղարաբաղը շատ ավելի արդյունավետ վերահսկվում էր տեղում ձևավորված հայկական իշխանությունների և ուժերի կողմից: Փարիզի վեհաժողովի ճանաչումից արդեն մեկ ամիս հետո` 1920թ. փետրվարի 24-ին, նույն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդեն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկույցով հստակեցրեց Հարավային կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այն է` Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները պիտի գծվեին “ի նկատի ունենալով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները” (taking into, in principle, of ethnographical data): Ի դեպ, Շուշիի 1920թ. մարտի ջարդերը մեծապես պայմանավորված էին այս որոշումով` Կովկասի թաթարները փորձ արեցին թուրքավարի փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը: Սակայն այս որոշմանը վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ արդեն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանն օկուպացվեց բոլշևիկյան 11-րդ բանակի կողմից և նշյալ պետությունները դադարեցին գոյություն ունենալուց: Հետագան ավելի է հայտնի` նորահաստատ սովետական իշխանությունները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին և հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի ակզբունքի կիրառման դեպքում անվիճելիորեն հայաստանյան պիտի լինեին, դրեցին Բաքվի վարչական ենթակայության ներքո: Բնական է, որ խոսք լինել չի կարող միջազգայնորեն ամրագրված տիտղոսի մասին: Որևէ կուսակցական որոշում չի կարող իրավական հետևանք ստեղծել միջազգային իրավունքի մեջ և ամրագրել որևէ տարածքի վրա որևէ տիտղոս: Նախկին անկախ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանն իրենք 1920/21թթ.-ից մինչև 1924թ. ունեին ռազմակալված երկրների կարգավիճակ: Հետագայում, (1924թ. փետրվարից), Սովետական Միության ճանաչման հետևանքով ճանաչվեց այդ երկրների բռնակցումը (annexation): Ըստ այդմ, 1924թ.ից ողջ Հարավային Կովկասի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, անվերապահորեն ճանաչվեց Սովետական Միության տիտղոսն ու գերիշխանությունը: 1991թ.-ին, երբ Ադրբեջանն իրեն անկախ հռչակեց Սովետական Միությունից, Լեռնային Ղարաբաղն արդեն փաստացի անկախ էր: Այսինքն, իր վերանկախացումից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի վրա մեկ օր իսկ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Ավելին, 1991թ. հոկտեմբերի 18-ին Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտով նորանկախ Ադրբեջանն իրեն հայտարարելով Ադրբեջանի առաջին հանրապետության (1918-1920թթ.) ուղղակի իրավահաջորդը, ըստ էության, նաև փաստաթղթային ձևակերպմամբ չեղյալ հայտարարեց միչևիսկ այն վարչական կապը, որը գոյություն էր ունեցել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև: Այսինքն, եթե ՍՍՀՄ տրոհումից հետո նախկին սովետական սոցիալիստական հանրպետությունների մեծ մասի տարածքում առաջացան մեկական անկախ երկիր, ապա Ադրբեջանի Սովետական Սոցիալիստան Հանարապետություն կոչված ՍՍՀՄ-ի վարչական միավորի տարածքում առաջացան երկու պետություն` Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանի Հանրապետությունը ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած ինքնորոշման սկզբունքը հարգելու պարտավորությունը, անողոք պատերազմ սանձազերծեց իր նորանկախ հարևանի դեմ և խայտառակ պարտություն կրեց: Ի դեպ, 1991թ.-ի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Եվրոպական համայնքի (ներկայում Եվրոպական Միություն) երկրների արտաքին գործերի նախարարները “Արևելյան Եվրոպայում և Խորհրդային Միության [տարածքում] նոր պետությունների ճանաչման ուղենիշների” վերաբերյալ հռչակագրում “բոլոր սահմանների անձեռնմխելիության՚ նկատմամբ հարգանքը պայմանավորեց “օրենքի իշխանության, ժողովրդավարության և մարդկային իրավունքների” հարգանքով, ինչպես նաև “էթնիկ, ազգային խմբերի և փոքրամասնությունների իրավունքների երաշխավորմամբ”: Մի բան, որոնցից և ոչ մեկը չի իրականացվել ադրբեջանական պետության կողմից: Հետևաբար, երբ մեր հարևանները խոսում են “օկուպացիայի” մասին, թող բարի լինեն նշել` պատմության ո՞ր ժամանակահատվածում է Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի վրա իրականացրել լիակատար վերահսկում (effective control) և ո՞ր միջազգային փաստաթղթով է Լեռնային Ղարաբաղի վրա ճանաչված եղել Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը: Եթե չի եղել այդպիսի վիճակ և չկա այդպիսի փաստաթուղթ, իսկ այդպիսիք անկհայտորեն չկան, ապա ի՞նչ “օկուպացիայի” մասին է խոսքը: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար, 24 հունիսի 2010թ.

No comments: