Friday, June 25, 2010

ԻՍՐԱՅԵԼԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Պարգեւատրելով այն զինվորներին, որոնք «Մարմարա» նավում սպանել էին 9 թուրք «հումանիստների» «ԱԶԳ», 25-06-2010- Մայիսի 31-ին «Մեր ուղեգիծը Պաղեստինն է, իսկ բեռըՙ մարդասիրական օգնություն» կարգախոսով դեպի Գազա նավարկող «Ազատության նավատորմիղի» վրա հարձակված իսրայելական հատուկ ջոկատին թուրքական «Մավի Մարմարա» նավի տախտակամածում համառ դիմադրություն էին ցուցաբերել կացիններով, դանակներով եւ երկաթե ձողերով զինված հումանիստները: Իսրայելական հատուկ ջոկատի մարտիկներին «արժանի» դիմադրություն ցույց տալու քաջագործությունն այնպես էր ոգեւորել նավի ուղեւորներից «Մարդու իրավունքների եւ ազատությունների հումանիտար օգնություն» կազմակերպության նախագահ Բյուլենթ Յլըդրըմին, որ վերադառնալով Ստամբուլ, լրագրողների առջեւ գոռոզանալիսՙ ակամա բացահայտումներ էր արել միջադեպի մասին: Նա, ինչպես տեղեկացրել էինք «Ազգի» հուլիսի 4-ի համարում, ասել էր. «Առավոտյան նամազին հանկարծ հարձակման ենթարկվեցինք: Մեր ընկերները զուտ խաղաղ դիմադրություն ցուցաբերեցին: Զինաթափել էինք իսրայելցի 10 զինծառայողի: Այնուհետեւ սկսեցին կրակոցներ տեղալ մեր վրա: Հանձնվող ընկերներին սպանեցին: Չէինք հանձնվի, եթե մեր մեջ կանայք չլինեին: Իսրայելում ինձ հարցաքննելիս հարցրեցին. «Դու մեր զինվորների վրա երկաթե ձողով եւ կացնով չե՞ս հարձակվել»: Ես պատասխանեցի, որ պաշտպանվում էի»: Այլ կերպ, հատուկ ջոկատին դիմադրելը ենթադրում է հարձակմանը պատրաստ լինել: Քանի որ նամազի ժամանակ միանգամայն ավելորդ է կացիններով, դանակներով, երկաթե ձողերով զինվելը, ուստի նավի ուղեւորները նախապես պատրաստվել էին դիմագրավելու հարձակմանը: Դա ամենայն հավանականությամբ հանկարծակիի է բերել իսրայելական ջոկատին, նավի հումանիստ ուղեւորները դաժան ծեծի ենթարկելով զինաթափել են 10 զինծառայողների, որից հետո միայն ջոկատը զենք է գործադրել դիմադրողների վրա: Սպանվել է 9 թուրք հումանիստ: Դիմադրողները հանձնվել են, իսկ գերեվարված զինծառայողներըՙ ազատվել: «Մավի Մարմարա» նավի վրա ցուցաբերված այս դիմադրությունը հումանիստներն օգտագործեցին Իսրայելի բանակին վարկաբեկելու համար, հրապարակելով մամուլում գերեվարված իսրայելցի 10 զինծառայողի արյունլվա լուսանկարները: Թուրքիան Իսրայելի հետ առճակատման գնալու պատրաստակամությամբ դա ծառայեցրեց իսլամական եւ արաբական աշխարհում դիրքեր ամրապնդելու, իսկ Իսրայելըՙ Թուրքիայի հետ առճակատումըՙ Գազայի հատվածում ստատուս քվոն պահպանելու նպատակին: Հակասական մոտեցումների առկայությամբ հումանիտար աղետի շեմին կանգնած Գազայի պաղեստինցի բնակչությունը ոչ թե մարդասիրական օգնություն ստացավ, այլ դարձավ քաղաքական տարաբնույթ առաջադրանքների կատարման միջոց: Քանի որ դրանց հիմքում լուրջ քաղաքական հաշվարկներն էին, ուստի Թուրքիան հակաիսրայելական ելույթներով հետեւողականորեն սրեց Իսրայելի հետ հարաբերությունները: Իսրայելական կողմի բուռն հակազդեցությունը հանգեցրեց Թուրքիա-Իսրայել ճգնաժամին: Հակազդեցության պայմաններում նախաձեռնությունը չզիջելու մղումով Թուրքիան հունիսի 16-ին պահանջեց, որ մեկ ամսվա ընթացքում Իսրայելը ներողություն խնդրի Անկարայից «Ազատության նավատորմիղի» վրա հարձակման համար, համակերպվի միջադեպի առնչությամբ միջազգային հետաքննություն անցկացնելու մտքին, փոխհատուցում վճարի եւ վերադարձնի նավատորմիղի առգրավված նավերը: Վերջնագրի պատրանք ստեղծող թուրքական պահանջներին, ինչպես վկայում է «Ջիհան» գործակալությունը, Իսրայելը պատասխանել է հունիսի 21-ինՙ պարգեւատրելով «հերոսի» շքանշանով «Մավի Մարմարա» նավի վրա հարձակում գործած հատուկ ջոկատի այն մարտիկներին, որոնք 9 թուրքի էին սպանել: Պարգեւատրումը տեղի է ունեցել հանդիսավոր արարողությամբ, «հերոսի» շքանշանները զինվորների կրծքին անձամբ ամրացրել է իսրայելական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գաբի Աշկենազին: Արարողությանը ներկա են եղել նաեւ բարձրաստիճան զինծառայողներ: Սա յուրատեսակ մարտահրավեր է Թուրքիային, ինչպես նաեւ պատասխան թուրքական կառավարության հակաիսրայելական ելույթներին: Չարձագանքելու դեպքում թուրքական հոխորտանքները կվերածվեն բլեֆի, թուրք-իսրայելական առճակատման նախաձեռնությունն ամբողջովին կանցնի Իսրայելին, իսլամականի հետ նաեւ արաբական աշխարհը կհամոզվի, որ սաստելու պատրանքով Թուրքիան ընդամենը ընկրկում է Իսրայելի առջեւ, իսկ դա լուրջ վնաս կհասցնի Թուրքիայի հեղինակությանը: Այսպիսով ի չիք կդառնան վերջինի տարածաշրջանի գերտերության հավակնություններն ու տարածաշրջանում առաջնորդողի դեր ստանձնելու ջանքերը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: