Ծիծաղել է այն մոտեցումը, որ Հայաստանը կարող է զարգանալ, եթե օտար լեզվով դպրոցներ ունենա։ Ընդհակառակը, օրենքի ընդունման դեպքում մեր երկրում կստեղծվի մի նոր բաժանում և ավելի ծանր հաղթահարելի մի կոնֆլիկտ էլիտաների միջև։ Այն, ի տարբերություն, Հայաստանում առկա մյուս պրոբլեմների կլինի ոչ թե բովանդակության շուրջ, այլ անիմաստ մի կոնֆլիկտ, որը կպառակտի հասարակությունը, իրար դեմ կհանի ռուսերենի ռևանշիստներին ու մյուս օտար լեզուների կրողներին՝ ավելի հյուծելով ու թուլացնելով երկիրն ու ի վերջո ստիպելով հանձնել ամբողջ ունեցածը թե Ղարաբաղում և թե Հայաստանի Հանրապետության պահեստարաններում։ Սա ըստ էության մեջքից հարված է հայ ժողովրդին՝ գավառական աշխարհայացքով հայ «սատրապների» կողմից։
Միջազգային հանրությունն արդեն իսկ քմծիծաղով հետևում է, թե հայերն ինչպես են կամովին հանձնում իրենց պետականությունը։ Ոչ մի իրեն հարգող երկիր հարվածի տակ չի դնում ազգային լեզուն, անհայտ կողմնորոշմամբ ուսուցիչներ ներմուծելով դրսից և հայրենական ուսուցիչների կատարմամբ այժմ էլ կիսագրագետ օտարալեզու դասաժամեր առաջարկելով։ Սա հեռուն գնացող հետևանքներով քաղաքական որոշում է, որի հիմքում ընկած է հետևյալ մտածողությունը. «2 միլիոն ժողովրդի համար հո լեզու չենք պահելու»։
Այսպիսով, փաստորեն փլվում է համակարգը պահող այն վերջին սյունը, որը գոնե սեփական դիմագիծ էր հաղորդում իշխող ուժերին՝ քողարկելով Հայաստանն օլիգարխների պատանդ դարձնելու և տնտեսական կցորդի վերածելու անձեռագիր քայլերը։ Սրա շարքին էին պատկանում աշխատավորներին գրավոր պայմանագրի իրավունքից զրկելը, կանաչ գոտիներում կիսակրիմինալ բնույթի բետոնապատ կառույցներ արտոնելը, հանրության կարծիքին հակառակ Մինասի որմնանկարների ու ճարտարապետական շենքերի մասին կամայական որոշումներ ընդունելը։ Սա պետության կրճատում է ու արդեն վտանգավոր չափով։
Մոռացեք դպրոցների քանակի մասին։ Եթե օրենքը փոխվեց, ապա հայկական դպրոցներից այլևս ոչինչ չի մնա։ Մենք կունենանք հազարներով աշակերտներ, որոնք չեն ճանաչի սեփական մշակույթը, օտարն էլ այնքան վատ կիմանան, որ լավագույն դեպքում կդառնան այդ երկրներից մեկի երկրորդական աշխատակից։
Ահա թե ինչի է բերում ազգային կապիտալի փոխարեն օլիգարխիկ կապիտալ ունենալը։ Դեռևս ուշ չէ կանխելու համար անպատկերացնելին։
ՎԱՀՐԱՄ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment