ՀՀ զանգվածային մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով «Անկարա» գործակալության հաղորդագրությանը, վերջին օրերին հրապարակել են տեղեկատվություն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովին կից' «Թուրքիայում փախստականների, ապաստան հայցողների և ապօրինի բնակվողների խնդիրների ուսումնասիրության» համար ստեղծված հատուկ հանձնաժողովի զեկույցի մասին, որում անդրադարձ է արվել այդ երկրում ապօրինի բնակվող կամ սահմանն ապօրինաբար հատած ՀՀ քաղաքացիների արտաքսմանը:
Տեղեկատվության համաձայն' «Թուրքիայում վերջին տասներեք տարիների ընթացքում ձերբակալվել են ապօրինի բնակվող կամ սահմանն ապօրինաբար հատած ՀՀ 5909 քաղաքացիներ, ովքեր արտաքսվել են երկրից: 2007 թ. ձերբակալվել են 779, իսկ 2008 թ. առաջին ինն ամիսների ընթացքում՝ 474 ՀՀ քաղաքացիներ, ովքեր հիմնականում զբաղվում էին մարմնավաճառությամբ և արտաքսվել են Թուրքիայից»:
Հայտնում ենք, որ այդ հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում: Վտարումը պատժամիջոց է, որը կիրառվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ՝ որոշակի իրավախախտումների, հիմնականում մուտքի թույլտվության՝ վիզայի ժամկետները խախտելու դեպքում: Խախտում կատարողները վտարվում են այն երկիր, որի քաղաքացին հանդիսանում են, քանի որ միջազգային կանոնադրությամբ արգելվում է օտարերկրյա քաղաքացիների վտարումը երրորդ երկիր:
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև գործում է միայն օդային սահման: ՀՀ քաղաքացիները Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն վտարվում են ինքնաթիռով' ՀՀ սահմանը հատելով «Զվարթնոց» օդանավակայանի անցակետով:
Վիճակագրությունը փաստում է, որ Թուրքիայից Հայաստան տարեկան վտարվում է տարբեր տարիքի և սեռի մոտ 50 ՀՀ քաղաքացի: Օրինակ, 2007 թ. վտարվողների թիվը եղել է 52, իսկ 2008 թ.' 45:
Մարմնավաճառությամբ զբաղվողների վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ իրավապահ մարմիններն այդ հարցում, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով, համագործակցում են Թուրքիայի իրավապահ մարմինների հետ. Թուրքիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից գրություններ են ստացվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կնոջ նկատմամբ մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով դատաքննություն իրականացնելու մասին: Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ն տարեկան նմանատիպ մոտ հինգ գրություն է ստանում:
Անարդյունավետ է համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող թրաֆիքինգի կազմակերպիչներին Թուրքիայի իշխանությունների կողմից հանձնելու կամ գոնե Թուրքիայում պատասխանատվության ենթարկելու հարցում: Մասնավորապես' 2003 թվականից ՀՀ իրավապահ մարմինների կողմից հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում' ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով, ջանքեր են գործադրվում թրաֆիքինգ կազմակերպելու համար հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացի Գոհար Կիլինչին պատասխանատվության ենթարկելու և նրա հանցավոր գործունեությունը կասեցնելու ուղղությամբ, մինչդեռ նա շարունակում է հավաքագրել և սեռական շահագործման նպատակով Թուրքիա փոխադրել ՀՀ քաղաքացիների:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment