Friday, June 11, 2010

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԿՊԱՌԱԿՏԻ ԱԶԳԸ

«ԱԶԳ», 11-06-2010- Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ, ուր ընթանում էր ԱԺ քառօրյան, երեկ կրկին մարդաշատ էր: Ի տարբերություն նախորդ երեք օրերի, այս անգամ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության ակտիվիստները եռապատկվել էին: Երբ դահլիճ էին մտնում օրինագծին կողմ` իշխանական մեծամասնություն ներկայացող պատգամավորներըՙ ցուցարարները բղավում էինՙ «ամո՛թ, ամո՛թ»: Այս անգամ էլ տգեղ պահվածքով աչքի ընկան մի շարք պատգամավորներ, որոնք հայհոյում ու վիրավորում էին ցուցարարներին: «Ուզում են սպանել հայոց պատմությունը, հայ մշակույթը, որ վաղը չէ մյուս օրը ունենանք մի էլիտա, որ չգիտե տարրական լեզու, որ քծնում է մյուս ժողովուրդներին: Ունենանք մի սերունդ, որ արժանապատվություն չունի: Մտածեք` ի՞նչ եք անում, ժողովուրդը վաղը ձեզ չի ներելու», ասաց քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը: Ցուցարարներին միացած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ընդունում է հանրության մտահոգությունները: «Հայաստանում կան թեքումով դպրոցներ, եւ ես դրանց դեմ չեմ: Սա պրիմիտիվ ինքնադրսեւորում է, եւ անկասկած արվում է փողի համար, գիտեմ մի բան` եթե Հայաստանը պետք է լինի` էս տեսակ մանր-մունր դավադրությունները տեղ չունեն, իսկ Հայաստանը պետք է լինի», ասաց նա: Հայագետ Հայկազուն Ալվրցյանը «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունն անվանեց հայոց դպրոցի, հայ ժողովրդի մահ: «Տեսան, որ դեբիլներով, անուղեղ վերնախավով չեն կարողանում ազգին վերջնականապես ոչնչացնել, ծրագիրը փոխել են եւ ուզում են խելոք երեխաներին այլասերելով ազգի հարցերը լուծել: Չի ստացվելու: Եթե անգամ օրինագիծ ընդունվի, ազգի մեջ պառակտում է մտցնելու»:

No comments: