Tuesday, June 22, 2010

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ ՉԷ

«Լրագիր» 22-6-2010- Հայկական եւ ադրբեջանական զինուժի շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպը եւ հայկական կողմի համար դրա ողբերգական հետեւանքը (4 զոհ), մարդկային եւ քաղաքական բաղադրիչներից բացի, առաջ են բերում նաեւ մի քանի այլ հարցադրումներ, որոնք կապված են խնդրի զուտ զինվորական կողմի հետ, ինչն էլ անմիջականորեն առնչվում է ազգային անվտանգությանը: Ընդ որում, խոսքը տվյալ դեպքում անվտանգության անհատական մակարդակի մասին է: Այսինքն, որքանով է անվտանգ ամեն մի անհատ: Եթե անվտանգությունը չենք դիտարկում այս բանաձեւով, ապա ընդհանուր անվտանգության գաղափարը դառնում է կեղծ կատեգորիա եւ առավելապես արարողակարգային հասկացություն: Չորս հայ զինվորի մահը հենց անհատական անվտանգության հետ կապված հարցադրումների շարժառիթ է: Բանն այն է, նախ պետք է հնարավորինս բարձր լինի երկրի սահմանին երկրի անվտանգությունը հսկող զինվորի անվտանգության մակարդակը: Եթե երկրի անվտանգությունը հսկող զինվորի անվտանգությունը հնարավորինս ապահովված չէ, ապա դա նշանակում է, որ խնդիրներ կան նաեւ երկրի անվտանգության ապահովման հետ կապված: Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ “ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված”: Դրանից հետո ԼՂՀ ՊԲ “զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ”: Հարց է առաջանում, թե իսկ ինչու նույն զգոնությունը չի եղել այն ժամանակ, երբ թշնամու դիվերսիոն խումբն անցնում էր սահմանն ու թափանցում շփման գոտու հյուսիս-արեւելյան հատված: Եթե զգոնությունը դրսեւորվեր ժամանակին, ապա հնարավոր կլիներ խուսափել մերձամարտից, հետեւաբար ամենայն հավանականությամբ չէին լինի հայկական կողմի մարդկային կորուստները կամ գոնե կնվազեր դրանց հավանականությունը: Անկասկած զգալի դեր է կատարել նաեւ այն, որ հարձակումը եղել է գիշերվա ժամին: Բայց, այդ դեպքում էլ, լինելով ոչ խաղաղություն, ոչ պատերազմ ռեժիմում, ցանկացած զինուժ պարտավոր է հակառակորդից սպասել ամեն ինչ օրվա բոլոր ժամերին, միշտ պատրաստ լինելով թե դիվերսիայի, թե ավելի լայնածավալ ռազմական գործողություն: Այդ առումով բնականաբար հարց է առաջանում, թե որքանով է հայկական բանակի մարտունակության վրա ազդում գիշերը: Արդյոք հայ-ադրբեջանական շփման գիծը հսկող հայ զինվորներն ունեն գիշերային տեսողության սարքերի անհրաժեշտություն, զինվորի անվտանգության եւ մարտունակության, հետեւաբար երկրի անվտանգության վրա գիշերվա ազդեցությունը չեզոքացնելու համար: Եթե այդ անհրաժեշտությունը կա, արդյոք այն բավարարվում է: Եթե չի բավարարվում, ապա ինչու: Եթե խնդիրը ֆինանսական է, ապա արդյոք հնարավոր չէ այդ խնդիրը լուծել ասենք գեներալների ջիփերի շարասյունների, նրանց դղյակների եւ ամառանոցների հաշվին: Արդյոք ընդհանրապես համադրվում եւ համեմատվում են մեր գեներալների, գնդապետների եւ փոխգնդապետների բարեկեցության եւ սահմանին կանգնած զինվորի անվտանգության աստիճանները: Պաշտոնական Երեւանը կատարվածին արձագանքեց, թե “մթության քողի տակ հարձակվելը” բնորոշ է ադրբեջանցիներին: Իսկ գուցե հենց հայ զինվորներին “մթության քողի տակ” արագ կողմնորոշվելուն, արդյունավետ գործելուն խանգարել է գիշերային տեսողության սարքերի բացակայությունը: Եվ ով գիտե, միգուցե եթե տեխնիկական այդ խնդիրը չլիներ, ապա ադրբեջանական դիվերսանտներին հաջողվեր հետ մղել առանց զոհի: Միգուցե գիշերային տեսողության սարքերի խնդրից բացի եղել է նաեւ ընդհանրապես կարգապահական խնդիր, ինչի հետեւանքով հայկական զինուժը բավական ուշ է կարողացել հայտնաբերել դիվերսիոն հարձակում գործողներին եւ անպատրաստ է եղել նրանց հետ մերձամարտին: Ավելին, տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ կատարվածը նույնիսկ ոչ թե ծրագրված հարձակում է եղել, այլ ադրբեջանական հարբած ենթասպայի անմեղսունակ գործողություն: Միեւնույն է, նույնիսկ այդ պարագայում, եւ գուցե նաեւ առավել եւս այդ պարագայում հայ զինվորը պետք է հնարավորինս ապահովագրված լինի թշնամու բանակում տեղի ունեցող զանազան թյուրիմացություններից: Պետք է միշտ “հարգել” թշնամու թե մեղսունակության, թե անմեղսունակության կանխավարկածը: Արդյոք այդ առումով չեն եղել խնդիրներ, որոնք հանգեցրել են զոհերի: Սրանք հարցեր են, որոնք ունեն մանրազնին քննարկման կարիք, քանի որ հակառակորդի հարձակման հետեւանքով սպանվել է չորս հայ զինվոր: Պետք է մանրազնին հետաքննություն անցկացվի ոչ միայն այն դեպքերում, երբ զինվորները խաղաղ պայմաններում են զոհվում, այլ նաեւ այն դեպքերում, երբ նրանք դառնում են դիվերսիոն հարձակման զոհ: Վերջիվերջո զոհվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Թեեւ նրանք զոհվել են Հայաստանի Հանրապետությունն արտաքին ոտնձգությունից պաշտպանելու իրենց պարտքը կատարելիս, այդուհանդերձ անթույլատրելի կլինի սահմանափակվել պատասխանատվությունը միայն Ալիեւի բարդույթների վրա դնելով: Դա ամենահեշտն է, որ կարելի է եւ հնարավոր է անել: Իսկ դժվարը հետեւություններ, եզրակացություններ անելն ու սեփական գործողությունները առանց որեւէ բարդույթի քննարկելն է: Ի վերջո, ներկա ժամանակն այդ առումով տալիս է մի առավելություն, որից պետք է օգտվել: Խոսքն այն մասին է, որ մեզանում կա համաշխարհային ժամանակակից փորձի օրինակը: Կա թե առօրյա կյանքում, եւ եթե նույնիսկ գեղարվեստական կինոարտադրության լեզվով, թերեւս օրինակն ավելի պարզ, հասկանալի եւ ուսանելի դարձնելու համար: Թող տարօրինակ չթվա, բայց ասենք հոլիվուդյան կինոարտադրության շատ օրինակներ այդ առումով ուսումնական ձեռնարկ կարող են լինել ամեն մի նորակազմ պետականության համար: Օրինակ, այն մասին, թե ինչպես կարելի է հետեւություն անել սեփական ձախողումներից, ինչպես կարելի է հասկանալ, որ երկրի անվտանգության մակարդակի բարձրացման համար պետք է գերխնդիր լինի ամեն մի զինվորի անհատական անվտանգության մակարդակի բարձրացումը, ինչպես պետք է տոնական պաթոսի վերածված առօրյայի փոխարեն չվախենալ խոսել սխալներից ու բացթողումներից, ինչը դրանց կրկնությունն ու ծավալումը կանխարգելելու լավագույն ճանապարհն ու միջոցն է, ինչպես պետք է զինվոր գաղափարը հանրային հարգանքի արժանացնել ոչ թե բանակում չծառայած պաշտոնյաների եւ պալատական մտավորականների ռազմահայրենասիրական պոռոտախոսությամբ, այլ հենց զինվորի հանդեպ, նրա անձի եւ առաքելության հանդեպ հրամկազմի եւ իշխանության առօրեական հարգանքով: Պետականաստեղծման այդ օրինակները թերեւս կհուշեին, որ երբ սահմանին զոհվել է չորս հայ զինվոր, հայրենիքը պաշտպանելիս, ապա հեռուստաընկերությունների համար ավելի կարեւոր պետք է լիներ ոչ թե այդ լուրը հաղորդելուց հետո երկրի նախագահի սանկտ-պետերբուրգյան մշակութային այցերի վրա կենտրոնանալը, այլ այդ չորս զոհերին անդրադառնալը, որովհետեւ նախագահը ոչ մի տեղ չի փախչի, նա մի օր էլի կգնա Սանկտ-Պետերբուրգ, իսկ չորս հայ զինվորներն այլեւս չկան, նրանք զոհվել են հանուն հայրենիքի, ինչն այդ պահին թերեւս հայրենիքին մատուցած մեղմ ասած ավելի մեծ ծառայություն է, քան Սանկտ-Պետերբուրգ նախագահական այցի մշակութային ծրագիրը: Այդ ամենը հարցեր են, որոնք պետք է բարձրացնել, որպեսզի փոխվեն ընկալումներն ու պատկերացումներն անվտանգության հիմքերի եւ բաղադրիչների մասին, որպեսզի փոխվի անվտանգության համակարգի որակն ու արդյունավետությունը ամենի մի քաղաքացու հաշվարկով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: