Thursday, June 24, 2010

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԴԱ ՊԵՏՔ

«Լրագիր» 24-6-2010- Վերջին օրերին, հունիսի 18-ի սահմանային ողբերգական միջադեպից հետո, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պարբերաբար տեղեկություններ է տարածում այն մասին, որ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը: Ըստ որում, հայաստանյան լրատվամիջոցներում լայնորեն տարածվող այդ տեղեկություններում նշվում են բավական տպավորիչ թվեր. ասենք ասվում է, որ Ադրբեջանը մի օրվա ընթացքում 228 անգամ է խախտել հրադադարի ռեժիմը, հետո մյուս օրն ասվում է, որ 220 անգամ է խախտել: Դժվար է պատկերացնել, որ եթե մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 228 անգամ, ապա ինչպես է, որ պատերազմ չի վերսկսվել: Ըստ երեւույթին, հայկական կողմում ադրբեջանական կրակոցները դոլարի փոխարժեքով են հաշվում: Իսկ եթե լուրջ, ապա հարց է առաջանում, թե ինչ նպատակ են հետապնդում հրադադարի այդօրինակ բազմաքանակ խախտման մասին տեղեկատվության տարածումները: Ինչ հարց է փորձ արվում լուծել դրանով: Եթե փորձ է արվում միջազգային հանրությանը ի վերջո ցույց տալ, որ Ադրբեջանը փիս է, իսկ մենք կարգապահ, ապա հունիսի 18-ին տեղի ունեցածին միջազգային հանրության արձագանքից հետո պետք է որ բոլորի համար պարզ լիներ, որ միջազգային հանրությունը մեզ ու ադրբեջանցիներին դիտարկելու է միեւնույն հարթության վրա եւ մեզ չի շոյելու, իսկ նրանց ապտակի, այլ երկուստեք կոչ է անելու մնալ հրադադարի ռեժիմում: Փոխարենը, հրադադարի հարյուրավոր անգամներ խախտման մասին տեղեկությունները բավական լուրջ խուճապ են առաջացնում թե Ղարաբաղի, թե Հայաստանի բնակչության շրջանում: Թե ինչ է նշանակում խուճապ, այն էլ պատերազմ տեսած ժողովրդի խուճապ, թերեւս ավելորդ է նկարագրել կամ մեկնաբանել: Սովորաբար հակառակորդն է փորձ անում դիմացի ճամբարում առաջացնել խուճապ, լավ իմանալով, որ այդ խուճապն ըստ էության դիմացինին զրկում է ռացիոնալ գործողությունների հնարավորությունից: Զարմանալի է, բայց տպավորությունն այնպիսին է, որ հետապնդելով ինչ որ անհասկանալի եւ անշոշափելի մի նպատակ, հայկական կողմն իր իսկ ձեռքով խուճապ է առաջացնում իր բնակչության շրջանում:

No comments: