News.am. 24-6-2010- Լեռնային Ղարաբաղի հարցում այս իշխանության կողմից ընդունված որեւէ լուծում չի կարող բխել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային շահից՝ այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, Հայաստանի նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Ըստ նրա՝ ԼՂ խնդիրը մտել է փակուղի եւ այն լուծելու միակ ելքը իշխանափոխությունն է։
«Միակ ելքը նախագահի հրաժարականն է, արտահերթ համապետական ընտրությունների անցկացումն է, ուժեղ, լեգիտիմ, ժողովրդի քվեն ստացած իշխանութան ձեւավորումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, որից հետո ՀՀ-ն ԼՂՀ –ի հետ մեկտեղ, ունենալով երկու հատվածների լիակատար վստահության քվեն՝ կարող է միջազգային հանրության հետ նստել սեղանի շուրջ ու քննարկել բոլոր առկա խնդիրները»,-նշեց Արզումանյանը։ Նա միաժամանակ հավելեց, որ այսօր ոչ միայն ԼՂ-ն, այլեւ Հայաստանն է դուրս մնացել բանակցային գործընթացից ու այդ մասին հայ հասարակությունը տեղեկանում է միայն մամուլից։
Ըստ նախկին ԱԳ նախարարի՝ Հայաստանի գործող իշխանությունը, ընտրությունների կեղծման, մարտի 1-ի սպանդի գնով յուրացրել է իշխանությունը, ստանձնել իրեն չպատկանող պաշտոնն ու միջազգային ասպարեզում երկիր է ներկայացնում։ ՀԱԿ ներկայացուցչի խոսքով՝ նման իշխանությունն իրավունք չունի ԼՂ բանակցային գործընթացում ներկայացնել որեւէ մեկին՝ ո՜չ Հայաստանի հասարակությանը, ո՜չ էլ բանակին։
«Մինչդեռ, քննարկում է հարցեր, որոնց լուծումները չի կարող տալ եւ որի հետ հաշվի չեն նստում, քանի որ ցանկացած պահի կարող են նստեցնել տեղը, ցույց տալով այն բոլոր խախտումները, որոնք իրականացվել են»։ Նախկին ԱԳ նախարարի խոսքով՝ գործող իշխանությունների որակի ու էության մասին աշխարհի շատ մայրաքաղաքներում գիտեն, եւ եթե այդ մասին չեն բարձրաձայնում, ապա հետեւյալ պատճառով. «Դեռեւս հույսեր ունեն, որ պահելով մահակը, կարող են ստիպել Սերժ Սարգսյանին գնալ որեւէ լուծման։ ՀԱԿ ներկայացուցիչը ընդգծեց նաեւ, որ այսօր տեսանելի չէ խնդրի լուծման որեւէ տարբերակ եւ իր կարծիքով առկա իրավիճակում միակ ելքը պատերազմն է։
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment