Thursday, June 24, 2010

Հայ-իրանական ներկա հարաբերությունները անտեսված ու կորցրած հնարավորությունների երկար շղթա է

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ջանքերով և համակիրների օժանդակությամբ ստեղծվող Այլընտրանքային խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդրանիկ զեկույցը նվիրված է հայ-իրանական հարաբերություններին: Հայ-իրանական ներկա հարաբերությունները անտեսված ու կորցրած հնարավորությունների երկար շղթա է: Շուրջ երկու տասնամյակ չի լուծվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման Հայաստանի համար կենսական և ռազմավարական խնդիրը։ Երկաթուղու շահագործումը ոչ միայն առավելագույնս կնվազեցնի Թուրքիայի կողմից Հայաստանի ցամաքային շրջափակման վնասները, այլ կվերածվի մի կարեւորագույն կոմունիկացիան հանգույցի, կապելով Սեւծովյան ավազանի երկրները Պարսից ծոցի երկրների հետ, ընդգրկելով Հնդկաստանն ու Չինաստանը: Գործող երկաթուղու առկայությունը Հայաստանին հումքային կցորդ և սպասարկող պետության կարգավիճակից կվերածի աստիճանաբար արդյունաբերական համալիրներ ստեղծող, տարածաշրջանում մրցունակ քիմիական ու էլեկտրական, մեխանիկական արտադրանք ստեղծող պետության։ Այդ արտադրանքները ճիշտ սպառման քաղաքականություն իրականացնելու դեպքում լայն պահանջարկ կարող են գտնել Միջին Արեւելքում: Ազգային անվտանգության ու երկրի զարգացման համար կենսական այս նախագծի իրականացման հետաձգումը բացատրվում է նախեւառաջ ՀՀ իշխանությունների՝ արտաքին գործոններից մեծ կախվածությամբ: Առ այսօր չի գործում ՀՀ իշխանությունների կողմից շատ թմբկահարված հայ-իրանական գազամուղը։ Խողովակի տրամաչափի նվազեցումը ևս արտաքին ճնշման արդյունք է, որի հետևանքով խողովակաշարը չի կարող ծառայել որպես գազի տրանզիտային տեղափոխման միջոց, ինչը կարող էր Հայաստանը դուրս բերել էներգետիկ միակողմանի կախվածությունից։ Բաց թողնված հնարավորությունների շարքից է նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործումը, որի շինարարության և կենսագործունեության համար Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանին առաջարկում էր շահավետ գործարք, որի դեպքում Իրանը վարկավորելու էր 5-րդ էներգաբլոկի շինարարությունը և շահագործումը, իսկ վարկը մարվելու էր Իրանին տրամադրվող հոսանքի տեսքով, ինչի արդյունքում կառույցը մնալու էր որպես ՀՀ սեփականություն: Սակայն ՀՀ կառավարությունը գերադասեց կամ նրան պարտադրվեց կառույցը փոխանցել Ռուսաստանին, զիջելով նրան պետական սեփականության իրավունքը: Ճիշտ նույն ձեւով տարիներ շարունակ ձգձգվում է Մեղրիում համատեղ հայ-իրանական նավթավերամշակման գործարանի շինարարությունը։ ՀՀ իշխանությունները ի վիճակի չեն դիմակայել օտարերկրյա քաղաքական և տնտեսական ճնշումներին, ստորադասելով Հայաստանի ազգային շահերը օտար պետությունների շահերին, հանուն իրենց իշխող խմբավորման անձնական շահերի։ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը վերջերս հանդես էր եկել աննախադեպ նախաձեռնությամբ\' ուղարկելով գյուղատնտեսական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ առաջարկել էր իրականացնել պաշտոնական հանդիպում հայոց երկրորդ պետության ներկայացուցիչների հետ հետագա համագործակցության համար: Շնորհակալությամբ ընդունելով իրանական կողմից զգալի զեղջերով տրամադրված տեխնիկան, ԼՂՀ պաշտոնյաները առ այսօր չեն արձագանքել այդ նախաձեռնության քաղաքական մասը կազմող առաջարկին: Արտաքին քաղաքականության ոլորտում մեր երկու երկրների շահերը համընկնում են նաև Թուրքիայի տարածաշրջանում նոր դերակատարություն ստանձնելը զսպելու, Ադրբեջան կոչվող կայսերապետության ծավալապաշտությունը կանխելու գործում։ Հայ-իրանական հարաբերությունները հատկապես կարևորվում են Իրանի շուրջ սեղմվող միջազգային պատժամիջոցների եւ ռազմական հարձակումների սպառնալիքի համատեքստում: ՀՀ-ն ունի եզակի հնարավորություն և անգամ պարտավորություն չմիանալու հակաիրանական այդ ճակատին եւ պահպանելու ու զարգացնելու կոմունիկացիոն, էներգետիկ ու տեխնոլոգիական կապերը ԻԻՀ հետ: Մեր այդ իրավունքը հիմնվում է համաշխարհային հանրության լուռ համաձայնության պայմաններում տասնամյակներով Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման իրողության վրա, որը չի թողնում մեզ քաղաքական ու տնտեսական այլընտրանք: Բացի դա, Արցախի եւ Նախիջեւանի շուրջ վերջերս սրվող լարվածությունը հայ-իրանական շահերի ընդհանրության ևս մի կարեւոր դաշտ է ստեղծում. այն է\' տարածաշրջանում օտարերկրյա զինուժի ներթափանցման անընդունելիության սկզբունքը, որը հավասարապես կարեւոր է ինչպես ՀՀ եւ ԼՂՀ, այնպես էլ ԻԻՀ համար: Իհարկե, այս դիրքորոշումը պահանջում է պետական այրերից քաղաքական խիզախություն եւ հայաստանակենտրոն հայեցակարգ, որոնք, ցավոք, բացակայում են արտաքին ուժերից կախված ու սեփական ժողովրդին հակադրվող այսօրվա իշխանությունների մոտ: Սա մեկ անգամ ևս ընդգծում է բռնապետությունից ազատվելու եւ ժողովրդական ու ժողովրդավարական իշխանություն Հայաստանում հաստատելու հրամայականը, առանց որի անհնար է իրականացնել ազգային շահի, տնտեսական զարգացման ու սոցիալական արդարության սկզբունքների վրա հիմնված հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն, տարածաշրջանային խաղաղություն եւ ստեղծել արժանապատիվ ու բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարեւանների հետ: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

No comments: