Saturday, June 5, 2010

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

«ԱԶԳ», 05-06-2010- Հայ առաքելական եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ-ի անջատյալ Արեւմտյան թեմը հինգշաբթի օրը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան` ընդդեմ «Ջ. Փոլ Գեթի» թանգարանի: Բանն այն է, որ վերոհիշյալ թանգարանը 1947-ին կամ 1948-ին Հայ եկեղեցուն է վերադարձրել հայերեն Աստվածաշունչը` առանց 7 էջերի, այժմ եկեղեցին պահանջում է դատարանից վերադարձնել էջերը, որոնց պատկերազարդումն արել է միջնադարյան հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը: Հայցվոր կողմը ներկայացնող` Կալիֆոռնիայի Չեփմըն համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Մայքլ Բեյզիլերը հույս է հայտնել, որ հայերեն հինավուրց Աստվածաշնչի էջերը եկեղեցուն կվերադարձվեն բանակցությունների արդյունքում. «Սա պատմական ինքնության եւ հայկական մշակույթի պահպանման խնդիր է, կարեւոր է, որ բոլորը սա հասկանան», նշել է Բեյզիլերը` հավելելով, որ այս դատական գործը ԱՄՆ-ում առաջինն է, «երբ պահանջվում է վերադարձնել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում աշխարհի տարբեր վայրերում հայտնված մշակութային եւ եկեղեցական արժեքները»: Թանգարանի խոսնակ Ջուլի Ջասքոլը հայտարարել է, որ հայցն անհիմն է` պատճառաբանելով, որ մինչեւ այժմ Աստվածաշնչի 7 էջերի սեփականության իրավունքի հարցը չի վիճարկվել. «Մենք ձեռք ենք բերել այդ էջերը օրինական ճանապարհով` 1994-ին մի անանուն կոլեկցիոներից», նշել է Ջասքոլը:

No comments: