Tuesday, June 8, 2010

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ «ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆ»

«ԱԶԳ», 08-06-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովի հետ հունիսի 4-ին Վենետիկում հանդիպելուց հետո հանդես են եկել հայտարարությամբՙ ընդամենը տեղեկացնելով, որ հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարին, իսկ դրանից առաջ` մայիսի 12-ին էլ հանդիպել էին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Հետաքրքրական է, որ Մինսկի խմբի` առավելագույնս բան չասող ու հակիրճ հայտարարության կողքին Ադրբեջանի ԱԳ նախարարն այնպիսի մի բազմախոսություն է դրսեւորել, որ տարօրինակ է դիտվում վերջին ամիսների Մամեդյարովի կատարյալ լռության ֆոնին: Քաղաքական բեմից ինչ-որ հետնախորշեր անցած Մամեդյարովը հունիսի 5-ին հայտարարել է, թե «չի կարելի հնարավորություն տալ նրանց, ովքեր Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն չեն ուզում, այլ ուզում են ձախողել բանակցությունները»: Փոխանակ ինքն իրեն այդ ամենը ասելու ու տարածաշրջանում «օդ պղտորելու» հայտարարություններից հրաժարվելու` Մամեդյարովը խոսել է հարեւանների հետ «ընդհանուր լեզու գտնելու» անհրաժեշտությունից, թերեւս մոռանալով, որ Ադրբեջանն այդ առնչությամբ միայն հոխորտալով է հանդես գալիս, խոչընդոտելով նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը: Ադրբեջանական «Ազերիպրես» գործակալության տեղեկացմամբ, Մամեդյարովն այս անգամ էլ բարձրաձայնել է այն թեզը, թե հայկական կողմը «դեռեւս չի ընդունել նորացված մադրիդյան սկզբունքները», երբ Ադրբեջանն իբր պատրաստ է շարունակելու բանակցություններն այս հունով: «Չնայած Ադրբեջանը դեռեւս որոշ կետերի առնչությամբ աշխատելու անհրաժեշտություն է տեսնում»: «Գնդակը Հայաստանի դաշտում է», ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը եւ ավելացրել. «Հայաստանը պետք է որոշի, թե ինչ անել հետո»: Բանակցությունների շարունակման հանդիպումների առումով էլ Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է դրանք շարունակել, եթե «հայկական կողմը անկեղծ ցանկություն ունի առաջընթացի հասնելու եւ բոլոր միջոցներով չի ձգտում ժամանակ ձգել»: Ըստ Մամեդյարովիՙ Աթենքում անցկացված հանդիպումներն անարդյունք են եղել: Մամեդյարովն առանձնակի նոր բան չի հաղորդել, ընդ որում, ասածն էլ չի ներկայացել նոր տեսանկյունից: Իսկ այն, թե Հայաստանն է տվյալ պահին ձգձգում գործըթնացը, արդեն մի քանի ամիս ադրբեջանական տարբեր չինովնիկների խոսք-զրույցի թեմա է, որին Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է: Սակայն հետաքրքրական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեղեկացմամբՙ վերցված «ընդմիջումը», ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, «երկար է շարունակվում»: Մամեդյարովին առատորեն մեջբերող կայքէջերի բազմաթիվ հրապարակումներից կարելի է ենթադրել, թե շատ է խոսել կամ շատ բան է ասել հարեւան երկրի գլխավոր դիվանագետը, սակայն ասվածում ոչ մի հատուկ բան չկա: Անուղղակիորեն դա է հաստատել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Նա հայտարարել է, թե Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վենետիկում կայացած հանդիպումը օգտակար էր: «Դա սովորական աշխատանքային հանդիպում էր», հավաստիացրել է Պոպովը, ավելացնելով, թե ինչ-որ բեկումնային պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ըստ Պոպովիՙ համանախագահները ծրագրում են հերթական այցելությունը տարածաշրջան, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջին-հուլիսի սկզբին: Իսկ թե կայցելե՞ն Լեռնային Ղարաբաղ, Պոպովը արձագանքել է, թե այցելության ծրագիրը դեռեւս հստակեցված չէ: Պոպովը տեղեկացրել է. «ԼՂ այցելություն ծրագրվում է, սակայն հերթական տարածաշրջանային այցելությա՞նը դա կլինի, թե՞ հաջորդ անգամ, դեռեւս հայտնի չէ»: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: