Tuesday, June 8, 2010

Թուրք տուրիստների հոսք՝ Հայաստանում

«Առավոտ» 5-6-2010- Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան այցելած տուրիստների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.4%՝ կազմելով 92 955 մարդ: Ընդ որում, զբոսաշրջության նպատակներով առաջին եռամսյակում Հայաստանից դուրս է եկել 90 950 մարդ՝ 7.1%-ով գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2010թ. առաջին եռամսյակում Հայաստան ժամանած տուրիստների մեջ ԵՄ երկրների բաժինը կազմել է 22%, իսկ ԱՊՀ երկրների բաժինը՝ 19.7%: ԵՄ երկրների մեջ առաջատարը Ֆրանսիան է՝ հանրապետություն ժամանած տուրիստների ընդհանուր թվի 6.8%-ը: Երկրորդը Գերմանիան է՝ 4.9%, եւ երրորդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ 2.4%: ԱՊՀ պետությունների մեջ առաջատարը Ռուսաստանն է՝ 19.7%, բացարձակ արտահայտությամբ մեկ տարում աճելով 8.3%: Միաժամանակ, Թուրքիայից Հայաստան այցելած տուրիստների թիվը առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.2 անգամ, իսկ տուրիստների ընդհանուր թվի մեջ դրանց տեսակարար կշիռն աճել է 12.5%-ով: Իրանից ժամանած տւրիստների թիվն առաջին եռամսյակում տարվա կտրվածքով կրճատվել է 11.5%, իսկ տեսակարար կշիռը կազմել է 42.9%: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ժամանած տուրիստների թիվը առաջին եռամսյակում աճել է 13.5%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Աղբյուրի համաձայն, միջազգային տուրիստներին հունվար-մարտ ամիսներին ընդունել են հայաստանյան 33 հյուրանոցներ, իսկ 2009 թվականին այդ ցուցանիշը կազմել է 32, սակայն հյուրանոցային ծառայություններից օգտվել է տուրիստների միայն 11%-ը: 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանից դուրս եկած քաղաքացիների մեջ տուրիստական կազմակերպությունների ծառայություններից օգտվել է ընդամենը 2%-ը:

No comments: