Thursday, June 24, 2010

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԵՍ

«Լրագիր» 24-6-2010- Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը Գանայի հավաքականի հետ վճռորոշ խաղում դարձավ Գերմանիայի խփած կարեւոր գոլի հեղինակ, որի շնորհիվ Գերմանիան հաղթեց եւ ապահովեց իր մասնակցությունը 1/8 եզրափակչին: Դրանից երեք օր առաջ Գերմանիա կատարած այցի շրջանակում Սերժ Սարգսյանը “Ադլոն” հյուրանոցում գերմանահայերին ասում էր. «Գերմանիայում բնակվում է թուրքական մեծ համայնք, և կարծում եմ ադրբեջանցիներն էլ կամաց-կամաց ստվարանում են, և այս առումով, իհարկե, խնդիներ առաջանալու են, որովհետև և Թուրքիայում, և Ադրբեջանում պետական մակարդակի է հասել հայատյացության կառուցումը, և ընդ որում ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում, այլ ընդհանրապես հայերի հետ հարաբերություններում»: Մեսութ Օզիլը ազգությամբ թուրք է: Նա Գերմանիայի թուրքերի երրորդ սերնդի ներկայացուցիչ է, ու այժմ տոն է տալիս Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, համարվում է գերմանական ֆուտբոլի նորահայտ աստղ, որը նաեւ աշխարհի առաջնության հայտնության հավակնորդներից է: Գերմանիայի կյանքում ի՞նչ տոն են տալիս հայերը: Ինչով են նրանք այնտեղ աչքի ընկնում, խանութներում կատարվող գողությունից բացի: Անշուշտ, այս ամենը չի նշանակում, որ Գերմանիայում գտնվող թուրքերը ստեղծագործ ու տաղանդավոր ժողովուրդ են, իսկ հայերը գող ու վաշխառու: Ամենեւին: Ինչպես որ կլինեն բազմաթիվ ազնիվ թուրքեր եւ անազնիվ թուրքեր, այնպես էլ կան բազմաթիվ ազնիվ հայեր եւ բազմաթվ անազնիվ հայեր: Խնդիրը պարզապես թուրքերի ու հայերի դերակատարությունն է գերմանական միջավայրում, այդ միջավայրի ձեւավորման գործում, գերմանական քաղաքակրթական տրամաբանությանն ինտեգրվելու գործում: Ինչպես է հայ համայնքը հակազդելու թուրքերին եւ ադրբեջանցիներին Գերմանիայում: Ինչն է լինելու այդ հակազդեցության առանցքը: Ինչ են ասելու գերմանացիներին այնտեղ գտնվող հայերը, ի՞նչ են համոզելու, ինչպե՞ս են համոզելու, ինչո՞վ են համոզելու, որ իրենք ավելի քաղաքակիրթ եւ հանդուրժող են, քան թուրքերը: Մի՞թե Հայաստանի իշխանությանը թվում է, որ Գերմանիայում նստած սպասում են, թե իրենց ինչ են պատմելու թուրքերն ու ադրբեջանցիները, եւ ինչ են պատմելու հայերը, որ իրենք էլ որոշեն, թե նրանցից ով է ճիշտ կամ ով է լավը: Գերմանացիներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման մասին են մտածում: Այդ խնդիրների թվում են իհարկե նաեւ ասենք անկիրթ թուրքերի ու ադրբեջանցիների քանակի ավելացումը, եւ նաեւ գուցե խանութներից քաղաքակիրթ հայերի կատարած գողությունների ավելացումը, բայց օրինակ գերմանացիների խնդիրներից էր նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ենթախմբային արգելքը հաղթահարելը, որում նրանց օգնեց ազգությամբ թուրք ֆուտբոլիստ Օզիլը: Ինչով են հայերը օգնում գերմանացիներին իրենց խնդիրները լուծելուն, հին ավտոմեքենաներից շատ արագ ձերբազատվելու խնդրի լուծումից բացի: Սա է թուրքերի եւ ադրբեջանցիների հակահայկականության դեմ պայքարի, միջազգային հանրության առաջ քարոզչության լավագույն եւ միակ հուսալի տարբերակը` ինչով ես դու օգտակար գերմանացիների, ֆրանսիացիների, եվրոպացիների, ամերիկացիների, քաղաքակիրթ հանրության խնդիրների լուծման գործին, որքանով ես դու մաս կազմում այդ հանրությանը, որքանով ես նրա խնդիրները քոնը համարում, որպեսզի նաեւ նրանք էլ քո խնդիրները համարեն իրենցը: Մնացյալը ժամանակի ու փողերի պարապ վատնում է, եթե որեւէ մեկին թվում է, թե աշխարհում որեւէ մեկը հավես ունի նստի ու լսի թուրքերի կամ հայերի աղիողորմ պատմությունները կամ խաղաղասիրական քնարերգությունները: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: