Ըստ ԱՄՆ կոնգրեսականիՙ Ադրբեջանը քաղում է իր ռազմատենչ հայտարարությունների «պտուղները»
«ԱԶԳ», 23-06-2010- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում մեկ անգամ չէ, որ հրադադարի խախտում է տեղի ունեցել, սակայն ոչ մի անգամ չի հնչել այնպիսի հայտարարություն, որ իսկապես վերջ կդներ մարդկային կյանքեր խլող կրակոցներին:
Եվ հետաքրքրական է, որ գրեթե միշտ եւ գրեթե բոլորը բավարարվում են դատապարտման խոսքեր ասելով, երբ կրակոցների հիմքն ամենից առաջ «ապահովվում է» ռազմատենչ ու հիստերիկ հայտարարություններով ու սպառնալիքներով: Իսկ այդ սպառնալիքներին արդեն հոգնեցնելու աստիճան կրկնված պատասխան է հնչում, թե պատերազմը խնդրի լուծում չէ: Սրանից դենը ոչ մեկը չի գնում ու ոչ մի տաք գլխի չի «պարտադրում հասկանալ», որ պատերազմն ու ռազմական գործողություններն իսկապես ելք չեն կարող լինել հակամարտության կարգավորման առումով:
Սակայն քաղաքականության ու մեծ տերությունների եւ դրանց միավորումների շահերի դրսեւորումները միայն այս տարօրինակությունը չէ, որ կարող են արտահայտել:
Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անցած շաբաթավերջին Մարտակերտի շրջանում տեղի ունեցածը «ցավալի միջադեպ» որակելով` ասել է, թե միջադեպը վկայում է, որ շփման գոտում «իրավիճակը լարված է եւ հեշտությամբ կարող է դուրս գալ վերահսկողությունից»: Եվրոպացի պաշտոնյայի կարծիքով, անհրաժեշտ է ձեռնարկել «բոլոր հնարավոր միջոցները` լարվածությունը մեղմելու համար», ինչը «կնպաստի նաեւ բանակցությունների ընթացքում լուծումներ գտնելուն»:
Դիտարկմանը, թե ադրբեջանական հարձակումը տեղի է ունեցել Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումից անմիջապես հետո, իսկ Հայաստանի արտգործնախարարը «սադրիչ գործողություն» է որակել տեղի ունեցածը, Սեմնեբին գերադասեց արձագանքել առանց գնահատականներ տալու` շեշտելով, թե չի ցանկանում պատճառների մասին խոսել, քանի դեռ «տեղեկությունները երկրորդ աղբյուրից են ստացված»: Էդվարդ Նալբանդյանի գնահատականի վերաբերյալ եվրոպացի պաշտոնյան ասել է, թե «բառերի ուշադիր ընտրությունը ակնհայտորեն օգտակար կլինի բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով»:
Դիվանագիտությունը թույլ չի՞ տալիս, թե՞ Սեմնեբին անտեղյակ է կամ չունի ճշտված տեղեկություններ, որ ադրբեջանական կողմը բառերի ընտրության հարցում իրապես որեւէ խտրականություն չի դնում: Ուժի կիրառման սպառնալիքներով հայտարարությունների պարագայում ինչպե՞ս է ստացվել, որ ոչ Սեմնեբին, ոչ էլ ուրիշները խոսք անգամ չեն ասում թշնամանք չսերմանելու համար այդքան էական նշանակություն ունեցող նորմալ բառապաշարի կարեւորության մասին:
Ավելին, երբ Ադրբեջանը ռազմական բյուջեն հասցնում է 1,5 մլրդ դոլարի ու նախատեսում է զենքի արտադրություն հիմնել լրջագույն հիմքերով, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կամ էլ որեւէ այլ` «խաղաղությամբ մտահոգ» կազմակերպություն ու պետություն չեն խոսում դրա դեմ, չեն դատապարտում այնպես, որ հստակ լինի, թե ինչն է այդ դատապարտման հիմքում:
Որպես կանոն մի քանի բառ ասում ու բավարարվում են իրենց «խաղաղասիրական» նկրտումների արտահայտությամբ, ինչը հերթական անգամ արեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի համաձայն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) երկուշաբթի ուշ երեկոյան խստորեն դատապարտել են ուժի կիրառումն ու ափսոսանք հայտնել զոհերի կապակցությամբ:
Համանախագահները, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, եւ չգիտես ինչու` ոչ Ղարաբաղի, համապատասխան կառույցների տեղեկացման հիման վրա հայտարարում են. «Այս միջադեպը 1994թ. հրադադարի համաձայնագրի անընդունելի խախտում է եւ հակասում է կողմերի ստանձնած պարտավորությանը` զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքներից»:
Ընդգծելով, որ միջադեպը տեղի է ունեցել պետերբուրգյան եռակողմ` Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան նախագահական հանդիպումից անմիջապես հետո, համանախագահները հայտարարությամբ նշում են, որ ռազմական ուժի կիրառումը, հատկապես այս պահին, կարելի է դիտվել միայն որպես «խաղաղ գործընթացը վնասելու փորձ»: Ուստի համանախագահները կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել եւ իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի: «Խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումն այլընտրանք չունի, եւ պատերազմն էլ չի կարող դիտվել որպես լուծման տարբերակ», ասվում է հայտարարության մեջ:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար եւ արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւն , իր հերթին, «լուրջ մտահոգություն է հայտնել» Ղարաբաղի շփման գծում հունիսի 18-ի լույս 19-ի միջադեպի առնչությամբ` կոչ անելով ձեռնարկել միջոցներ հետագայում նման միջադեպերը կանխարգելելու համար:
Սակայն թերեւս ամենաուղղակի դատապարտման խոսքեր է հնչեցրել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը , որի տարածած հաղորդագրության համաձայն, կոնգրեսականը ամենախիստ կերպով դատապարտում է տեղի ունեցածը, ընդգծելով, որ «Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծից ներս թափանցելու փորձը անընդունելի սադրանք է եւ փորձՙ կրկին սանձազերծելու հակամարտությունը»:
Հայտնելով իր ցավակցությունը զոհերին` Փալոնը նշել է, որ պետերբուրգյան եռակողմ հանդիպմանը հաջորդելու պատճառով հարձակման այս փորձերն առավել աղաղակող են դառնում: Կոնգրեսականը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել սահմանափակել որեւէ տեսակի ռազմական աջակցություն Ադրբեջանին: «Մենք չենք կարող դափնիներ կրել, երբ Ադրբեջանը օգուտ է քաղում իր ագրեսիվ հայտարարութուններից ու մասնակցում բռնությամբ ուղեկցվող հարձակումների», ասել է ԱՄՆ կոնգրեսականը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
No comments:
Post a Comment