Tert.am. 22-6-2010- «Մոտ ապագայում մեր տարածաշրջանում քաղաքական համապարփակ լուծումների կայացումը քիչ հավանական է, իսկ տարածաշրջանային տնտեսական համագործակցության աշխուժացումն ինքը կստիպի վերանայել փակ սահմանների և սառած հարաբերությունների առկա ստատուս քվոն, և հակամարտությունների լուծման համար փոխվստահության մթնոլորտ կձևավորի»,- Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ակադեմիայում ունեցած ելույթում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
«Ուզում եմ մի փոքր շեղում կատարել` խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնության հետևանքով տեղի ունեցած զարգացումների փորձառության մասին։ Այն մտահոգությունները, որ այսօր ես հնչեցնում եմ տարածաշրջանի անվտանգության խնդիրների առումով, մեծապես առաջնորդում էին մեզ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը հռչակելիս»,- ասաց նախագահը։
Ըստ նրա, դա և՛ տարածաշրջանային ընդհանուր ապագայի մասին մտահոգությունն էր, և՛ բաժանարար գծերի վերացումն ու երկխոսության մթնոլորտի հաստատումը, և՛ տնտեսական համագործակցության խթանումը` որպես նաև հետագայում քաղաքական խնդիրների լուծման համար բարենպաստ դաշտի ստեղծման գրավական։
«Ինչու՞ մեր նախաձեռնությունը չպսակվեց հաջողությամբ։ Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին. նախապայմանների, թելադրանքի և անգամ սպառնալիքների լեզվին։ Մինչև օրս էլ Եվրոպայի միակ փակ, հայ-թուրքական սահմանը մնում է այդպիսին։ Անշուշտ, թուրքական կողմից Հայաստան-Թուրքիա կարգավորման տապալումը կարող է բացատրվել քաղաքական ղեկավարության անկարողությամբ կամ չկամությամբ, միգուցե նաև այլև այլ հաշվարկներ ունենալու հանգամանքով. մի քանի վերլուծաբաններ թերևս ավելացնեն նաև ադրբեջանական ճնշման գործոնը։ Որոշ արևմտյան վերլուծաբաններ ինձ փորձում էին համոզել, որ սա ժամանակավոր երևույթ է, ներքին ընտրական գործընթացների սպառման համար։ Միգուցե, ժամանակը ցույց կտա»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, ավելի խորքային վերլուծությունը բերում է մեկ եզրակացության` մեր տարածաշրջանում դեռևս խորապես առկա են դիմացինի հաշվին խնդիրները լուծելու, «ես ուժեղ եմ, հետևաբար ես եմ թելադրելու լուծումները» մոտեցումները։ Հարևանների հետ զրոյական խնդիրների՝ Թուրքիայի հռչակած քաղաքականությունը, ըստ նրա, զրոյական արդյունքներ է տալիս։
«Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է իր շահը փնտրել մեր տարածաշրջանում շահերի բախման, այլ ոչ թե համադրման համատեքստում։ Իմ խորին համոզմամբ՝ ժամանակն է, որպեսզի տարածաշրջանի առաջնորդները վեր կանգնեն նեղ քաղաքական օրակարգերից ու հակասություններից՝ ի ցույց դնելով իսկական առաջնորդական հատկանիշներ՝ ուղղված ապագայի կերտմանը, այլ ոչ անցյալը վերապրելուն։ Հուսով եմ` նման փոփոխություններ կարող ենք տեսնել առաջնորդների հենց այս սերնդի մոտ»,- հավելել է նա:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment