Monday, June 7, 2010

ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՏԱՊԱԼՎԵՑ

«Լրագիր» 7-6-2010 - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավանաբար կներկայացնեն նոր առաջարկներ: «Իրավիճակը հիմնականում այսպիսին է. համանախագահները պետք է հայկական կողմին փոխանցեն մեր այսօրվա մոտեցումները։ Միջնորդները հետո կքննարկեն ընդհանուր իրավիճակն ու հնարավոր է` հանդես գան նոր առաջարկներով», ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: Հայտնի է, որ Ադրբեջանը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո` Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, ընդունել էր այսպես կոչված մադրիդյան սկզբունքների լրացումները, հայտարարելով, որ Հայաստանն այդ կապակցությամբ որեւէ դիրքորոշում չի արտահայտում: Իսկ Հայաստանը հայտարարում էր, որ նորացված ու լրացված չկա, կան մադրիդյան սկզբունքներ, որոնք ընդունվել են 2007 թվականին, եւ Հայաստանը դրանց հավատարիմ է: Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ համանախագահները կարող են ներկայացնել նոր առաջարկներ, կարծես թե վկայում է, որ ադրբեջանական կողմը որոշակիորեն մեղմացնում է իր մոտեցումները եւ ընդունելի համարում այսպես ասած “թեմայի” փոփոխությունը: Այսինքն, եթե Հայաստանը մերժում է առկա տարբերակը, որ դրվել է բանակցային սեղանին, ուրեմն թող լինի նոր տարբերակ: Համենայն դեպս, կարծես թե Մամեդյարովն անընդունելի չի համարում նոր առաջարկների ի հայտ գալն ու չի պնդում, որ պետք է ընդունվեն արդեն իսկ արված լրացումները: Տրամաբանությունը հուշում է, որ նոր առաջարկները պետք է որ ենթադրեն հայկական կողմի համար առավել ընդունելի մոտեցումներ, քան Սոչիում արվածը: Այդ առումով ուշագրավ է, որ օրերս նկատելի է ամերիկա-ադրբեջանական հարաբերության որոշակի ջերմացում, որի նախաձեռնողի դերում հանդես են գալիս Միացյալ Նահանգները: Նահանգները անցած օրերի ընթացքում դիվանագիտական մի քանի խողովակների, ընդհուպ պաշտպանության նախարարի Ադրբեջան կատարած այցի եւ Բարակ Օբամայի նամակը փոխանցելու միջոցով բավական հաճելի խոսքեր էին ասում Ադրբեջանի մասին եւ հայտնում իրենց գործընկերային պատրաստակամությունն այդ երկրին: Արդյոք պատահական է, որ այդ ֆոնին Մամեդյարովը հայտարարում է այն մասին, որ համանախագահները գուցե նոր առաջարկներ ներկայացնեն, փաստացի ակնարկելով հունվարին կայացած “ռուսական” Սոչին արխիվ տեղափոխելուն համաձայն լինելու մասին: Իսկ ինչ կարող է դա նշանակել: Դա կարող է նշանակել, որ Ղարաբաղի հակամարտության բանակցային փուլում բացվելու է մի նոր էջ, որի միջոցով կապահովվի բանակցային գործընթացի շարունակականությունը: Այսինքն, ժամանակը շարունակվելու է ձգվել, եւ Ղարաբաղի խնդրի մոտալուտ հանգուցալուծման մասին խոսակցություններն իրականում չափազանցություն են: Բայց, այդ ամենով հանդերձ, խնդիրն ավելի շատ ոչ թե չափազանցության, այլ թերեւս սխալ ընկալման տիրույթում է: Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը ըստ էության տեղի է ունենում ամեն օր` Հայաստանի Հանրապետությունում եւ Ադրբեջանում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ամեն մի անցնող օր այդ երկրներից որը ինչքան է ամրացնում Ղարաբաղի հարցում հաջողակ դիրք եւ միջազգային ընկալում ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսային իր պաշարները: Այդ առումով, եթե Ադրբեջանի պաշարները էներգակիրներն են ու Կասպիցի ավազանի դարպասային դիրքը, ապա Հայաստանի դեպքում դա արժեքներն են, ժամանակակից քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, մշակութային տեխնոլոգիաները, այդ ոլորտների արագ եւ անկեղծ արդիականացումը: Այդտեղ է Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը, ոչ թե ինտենսիվացող կամ պասիվացող բանակցային գործընթացում: Հետեւաբար, պետք է փոխվի ընկալումը, որ ոչ թե Հայաստանի իրավիճակն է պայմանավորված նրանից, թե ինչ լուծում կամ լուծման առաջարկ կլինի Ղարաբաղի հարցում, այլ Ղարաբաղի հարցի իրավիճակն է պայմանավորված նրանից, թե ինչ որակ կլինի Հայաստանի ներքին կյանքում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: