Tert.am. 14-6-2010- Ադրբեջանի ռազմական նոր հայեցակարգի ընդունումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, մասնավորապես, հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Zerkalo պարբերականը, հայտարարել է Ադրբեջանի «Ռազմական լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Ջաֆարովի խոսքով` Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում կարող են տեղակայվել ռուսական կամ թուրքական զորքեր:
«Սակայն դատելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` ռուսաստանյան այցերի հաճախակիությունից` կարելի է ասել, որ, ամենայն հավանականությամբ, այդ տարածքներում կտեղակայվեն ռուսական զորքեր»,- ասել է ադրբեջանցի փորձագետը:
Միևնույն ժամանակ, Ուզեիր Ջաֆարովը չի բացառել թուրքական զորքերի տեղակայումը Նախիջևանում:
«Չի բացառվում, որ ընդունված հայեցակարգի համաձայն` թուրքական զորքեր տեղակայվեն Նախիջևանում Կարսի պայմանագրի շրջանակում, որը նախատեսում է Թուրքիայի ռազմական միջամտությունն այդ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքի դեպքում»,- նշել է փորձագետը:
Ջաֆարովը հայտարարել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր են զարգացումներ արդեն այս տարվա օգոստոսին:
«Այժմ մենք նկատում ենք ակտիվություն այդ գործընթացում: Ադրբեջանի պաշտպանության նախարարն այս տարի արդեն երկրորդ այցն է կատարել Մոսկվա: Իսկ դա ցույց է տալիս, որ մենք հիմա գտնվում ենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գագաթնակետում»,- ասել է փորձագետ Ջաֆարովը:
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment