Monday, January 24, 2011

Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը. հայ պատվիրակները հարցեր կուղղեն Դավութօղլուին և Գյուլին

Tert.am. 24-1-2011- Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2011թ. առաջին լիագումար նիստը։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ այսօր նախատեսված են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի, իսկ վաղը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ելույթները։ Ըստ Զոհրաբյանի՝ մեր պատվիրակությունն արդեն հերթագրվել է Ահմեթ Դավութօղլուին և Գյուլին հարցեր ուղղելու համար։
Ինչպես նշեց պատգամավորը, անձամբ ինքը պատրաստվում է Դավութօղլուին նախ հիշեցնել, որ Թուրքիան Ադրբեջանի ակնհայտ ճնշման տակ հայ–թուրքական գործընթացը մտցրել է փակուղի, ապա հարց ուղղել այն մասին, թե ի՞նչ երաշխիքներ կարող են ունենալ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որ Թուրքիան այս անգամ էլ որևէ երկրի ճնշման տակ չի կատարի քայլեր, որոնք կհակասեն Եվրոպայի խորհրդի համամարդկային և հիմնարար արժեքներին։
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Նաիրա Զոհրաբյանն անձամբ Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակություններին է փոխանցել Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի նամակ–կոչը, որով ադրբեջանահայերը օտար երկրների պաշտոնյաներին կոչ են անում Ադրբեջան կատարած այցերի ժամանակ չայցելել Շահիդների պուրակ, քանի որ այնտեղ թողված են ոչ թե Ադրբեջանի ազատության համար պայքարում զոհվածները, այլ 1990թ. Բաքվում հայերի ջարդարարությունները կազմակերպած և իրականացրած հանցագործները։
ԵԽԽՎ այս նիստում, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Հայաստանին անմիջականորեն վերաբերող որևէ հարցի քննարկում նախատեսված չէ։ Զոհրաբյանը մի քանի զեկույցներում պատրաստվում է խոսել Բաքվում հայերի ջարդերի, հայ փախստականների հարցերի մասին։

No comments: