Thursday, June 24, 2010

Աթաթուրքի նախագահությունից հետո առաջին անգամ ազգությամբ հայ լեզվաբանը կմասնակցի Թուրքիայի լեզվի հարցերով խորհրդի աշխատանքներին

Haynews.am . 24-6-2010- Թուրքիայի լեզվի հարցերով խորհրդի կողմից կազմակերպված 5-ամյա ռազմավարական պլանի նախագծման աշխատանքներին մասնակցում է նաև պոլսահայ գրող Սևան Նիշանյանը: Ինչպես փոխանցում է Zaman-ը, թուրքերենի մասնագետ հանդիսացող Սևան Նիշանյանը դեռևս Աթաթուրքի նախագահության օրոք նույն խորհրդի առաջին քարտուղար եղած Ագոպ Մարթայանից հետո առաջին հայն է, ով մասնակցում է Թուրքիայի լեզվի ռազմավարական պլանի նախագծման աշխատանքներին: Նշենք, որ թյուրքական լեզուների գծով առաջատար մասնագետ Ագոփ Մարթայան եղել է Աթաթուրքի կողմից հիմնադրված լեզվի հարցերով խորհրդի առաջին քարտուղարը: Նույն տարիներին լեզվի հարցերով խորհրդում աշխատել են նաև ազգությամբ հայ լեզվաբաններ Իստեփան Գուրդիկյանն ու Կևորկ Սիմկեշյանը: Մարթայան եղել է նաև թուրքական հանրագիտարանի գլխավոր խորհրդատուն: Սևան Նիշանյանը պոլսահայ գրող է, լեզվաբան և մանկավարժ: Վերջինիս է պատկանում 2008 թվականին հրատարակված «Սխալ հանրապետություն. 51 հարցբ Աթաթուրքին և քեմալիզմին» գիրքը, որում քննադատվում է քեմալիզմը:

No comments: