Saturday, June 26, 2010

Ինչպիսի՞ երկիր ենք փորձում կառուցել

Այսօր «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Նյութական և հոգևոր մշակույթի» հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Հանձնաժողովի պատասխանատու, «Կենաց տուն» մշակութային-հասարակական կազմակերպության նախագահ Վանո Դադոյանը ներկայացրեց մշակույթի ոլորտում առկա իրավիճակը, հրատապ լուծումներ պահանջող խնդիրները և այն քայլերը, որոնք կմշակվեն հանձնաժողովի կողմից և կյանքի կկոչվեն ապագայում։ Հավաքի մասնակիցները կարևորելով քննարկվող թեմայի այժմեականությունը, կատարեցին մի շարք առաջարկներ. - Ճշգրտելով նյութական և հոգևոր մշակույթի անհրաժեշտ ուղղությունները, մշակել համապատասխան հայեցակարգ և այն կիրառել գործնական դաշտում, - հստակեցնել, թե ինչպիսի՞ երկիր ենք փորձում կառուցել, այդ երկրում ի՞նչ բարոյական արժեհամակարգով քաղաքացիներ են դաստիարակվելու, - որո՞նք են լինելու հոգևոր և նյութական մշակույթի չափորոշիչները, - ինչպիսի՞ն պետք է լինի հայ մարդ-քաղաքացի դաստիարակող դպրոցը, -ի՞նչ մեխանիզմներով պետք է ընթանան այս աշխատանքները, - թատրոնի, հեռուստատեսության և տեղեկատվական հնարավոր բոլոր միջոցներով ստեղծել վաղվա Հայաստանի գեղարվեստական կերպարը, որպես տեսլական յուրաքանչյուր հայ մարդու համար։ Քննարկման ընթացքում կարևորվեց նաև ,նյութական և հոգևոր մշակույթիե հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել այն մտավորականներին, որոնց գիտական, մտավոր և կազմակերպչական հնարավորությունները հանընկնում են նշված մոտեցումներին։ Հավաքին մասնակցում էին ոլորտին իրազեկ գիտնականներ, արվեստագետներ, մանկավարժներ։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մամուլի ծառայություն

No comments: