Wednesday, June 23, 2010

ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ԱՄՆ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՐՔԻՆ

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սաեդ Ալի Սաղայանին պատասխանել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ լրագրողների հարցերին: Անդրադառնալով հունիսի 18-ի միջադեպին, երբ 4 հայ զինծառայող զոհվեց, դեսպանը նշել է, որ ցանկացած հակամարտություն ու բախում օգուտ չի բերի 2 երկրներին էլ: Դա տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի սադրանքն էր: Ինչ վերաբերում է Նախիջևանում թուրքական զորքերի հնարավոր տեղակայմանը, Սաղայանին ասել է, որ դա կհակասի Թուրքիայի քաղաքականությանը` զրո խնդիր հարևանների հետ: Նախիջևանը այն տարածքը չի, որ Թուրքիան ցանկանա զորքեր մտցնել: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի Ֆիզուլիում խաղաղապահ ուժերի անվան տակ զորք մտցնել տարածաշրջան, որը, սակայն, Իրանը թույլ չի տա: “Իրանը հակամարտող երկրների հետ ընդհանուր սահման ունի և շահագրգռված է իր անվտանգության համար և թույլ չի տա ամերիկյան զորքերի տեղակայում”: Պատասխանելով հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Իրանը Ադրբեջանի քարոզարշավի հետ կապված, երբ փորձում են ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել կրոնական տեսակետից, դեսպանը ասել է, որ Իրանը միշտ իր դիրքորոշումը արտահայտել է Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում և իր անհամաձայությունն է արտահայտել դրա վերաբերյալ: Սաղայանին ավելացրել է, որ Իրանը կարող է դրական դերակատարություն ունենալ տարածաշրջանում, հաշվի առնելով այն, որ շատ լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ:

No comments: