Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում՝ հատկապես Ադրբեջանի կողմից պարբերաբար արվող ռազմատենչ հայտարարությունների համապատկերում։ Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ռուսական լրատվամիջոցների թղթակիցների հետ զրույցում: «Նման հայտարարություններ Բաքվից հնչում են գրեթե ամեն օր: Այդ երկրում հակահայկական, հակաղարաբաղյան հիստերիա է տիրում։ Պետական քարոզչական մեքենան վաղուց գործում է այդ ձեռագրով, ինչի մասին վկայում են սահմանային գոտում տեղի ունեցած հենց վերջին սադրիչ գործողությունները, որոնք եւ մեր բանակի զինվորների զոհվելու պատճառ հանդիսացան»,- նշել է Բակո Սահակյանը՝ միաժամանակ հավելելով. «Նման վերաբերմունքով էլ ավելի է բարձրանում մեր բանակի մարտունակությունը, եւ պատերազմի վերսկսման դեպքում մեզ ոչինչ չի մնա անել, քան ռազմական գործողություններ վարել Ադրբեջանի տարածքում»:
Ըստ Բակո Սահակյանի՝ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա։ «Ցավոք, մեր բոլոր նախաձեռնությունները, որքան էլ կառուցողական լինեն, մերժվում են Ադրբեջանի կողմից: Ավելին, մենք այսօր լուրջ հիմքեր չունենք հակամարտության լուծման մասին ենթադրություններ անելու, քանի որ հակամարտող հիմնական կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին, ինչն էլ որոշակի դժվարությունների է հանգեցնում։ Այսօրվա դրությամբ, հիմնական միջնորդ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ցավոք, վերջինս դեռ չի կարողանում հաջողություն արձանագրել։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, թե Մինսկի խումբը սպառել է իր հնարավորությունները։ Ես գտնում եմ, որ նա ի վիճակի է շարունակել բանակցային գործընթացը՝ մինչեւ այն տրամաբանական ավարտին հասցնելը»,- նկատել է Արցախի նախագահը:
Հարցին, թե ի՞նչ է ակնկալում ԼՂ-ն միջազգային հանրությունից, երբ անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, Բակո Սահակյանը պատասխանել է, թե Հայաստանը որոշակի պատասխանատվություն է կրում միջազգային հանրության առաջ, եւ նրա վարքագիծն ուղղված է այն բանին, որպեսզի չբորբոքի առանց այն էլ ոչ այնքան դյուրին իրավիճակը։ «Եթե այդ ճանաչումը մեզ համար պետք է թողնի անցանկալի որոշակի հետեւանքներ, մասնավորապես՝ ուժեղացնելով լարվածությունը տարածաշրջանում, բնականաբար, դա ճիշտ որոշում չէր լինի Հայաստանի կողմից»,- ամփոփել է Բակո Սահակյանը:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment