նախագահ Վիլսոնի ժառանգությունն ու ամերիկյան արժանապատվությունը
They [Turks] had exhibited complete absence of common sense and a total misunderstanding of the West. They had imagined that the [Paris Peace] Conference knew no history and was ready to swallow enormous falsehoods.
President Woodrow Wilson, June 26, 1919, Paris
Նրանք [թուրքերը] ի հայտ բերեցին բանականության կատարյալ բացակայություն և Արևմուտքի լիակատար թյուրըմբռնում: Նրանք երևակայում էին, որ [Փարիզի խաղաղության] վեհաժողովը պատմություն չգիտի և պատրաստ է կուլ տալու [իրենց] հրեշավոր կեղծիքները:
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոն, 26 հունիսի 1919թ., Փարիզ
Չնայած բազմաթիվ բողոքներին և դժգոհություններին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այնուամենայնիվ, արժանացավ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոն հետազոտական կենտրոնի (think-tank) մրցանակին: Եթե այս իրադարձությունը հայերիս համար կարելի է գնահատել որպես միջադեպ` ցավալի ու անցանկալի, սակայն այնուամենայնիվ միջադեպ, ապա այն լուրջ հարված է ամերիկյան վերլուծական կենտրոնների վարկին: Ցանկացած վերլուծական կենտրոնի հիմնական արժանիքը նրա ինքնուրույնությունն է, այսինքն անկախ վերլուծություններ և անաչառ կանխատեսումներ անելու ունակությունը: Ծախված լինելն ամենավատ բնութագրականն է որևէ վերլուծական կենտրոնի համար: Մրցանակ շնորհելով Դավութօղլուին Վուդրո Վիլսոն կենտրոնն ընդունեց, որ պարզապես աճուրդով վաճառել է մրցանակը, կամ ինչպես իրենք էին փաթեթավորել գեղեցիկ բառերով` ՚մրցանակի հանձնումը մաս է կազմում իրենց դրամահավաքի ջանքերինՙ: (“The Wilson Center said in an e-mailed statement that the award is part of its fund-raising effort.”)
Իհարկե Վուդրո Վիլսոն կենտրոնը իրավականորեն որևէ պարտավորություն չունի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահի հայացքներն ու քաղաքական մոտեցումներն արժեվորելու առումով: Այսուհանդերձ, այդ անունը որոշակի բարոյական պատասխանատվություն է դնում կենտրոնի վրա: Վիլսոնն առաջինն էր պետության ղեկավարներից, ով համաշխարհային մակարդակով բարձրացրեց ժողովուրդների ինքնորոշման հարցը: Ինչպե՞ս կարելի մրցանակ տալ մի երկրի արտգործնախարարին, որն արդեն տասնամյակներ արյան մեջ խեղդում է քրդերի ինքնորոշման իրավունքը: Թուրքիան տրորելով քրդերի ինքնորոշման իրավունքը` ոտնահարում է Վիլսոնի քաղաքական ժառանգությունը:
Ցավոք, Վուդրո Վիլսոնի ժառանգության և ամերիկյան արժանապատվության ոտնահարման գործին մասնակից դարձավ նաև Միացյալ Նահանգների արդարամիտ նախագահ Վուդրո Վիլսոնի անունը կրող վերլուծական կենտրոնը:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
18 հունիսի 2010թ.
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment