"Թեեւ Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կայանալիք պատարագին շուրջ երեք ամիս է մնացել, սակայն Վան քաղաքում գտնվող բոլոր հյուրանոցներում տեղերն արդեն պատվիրված են",-Hurriyet-ին տված հարցազրույցում նշել է Վանի նահանգապետ Մյունիր Կարաօղլուն: Նրա խոսքով, տեղական իշխանությունները սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագից առաջ փորձելու են տեղեր ազատել նաեւ Վանի ուսանողական հանրակացարաններում, ինչը, սակայն, հայ ուխտավորների տեղավորման հարցը ամբողջությամբ չի լուծի: Իշխանությունները նպատակ ունեն այս հարցը լուծել քաղաքի շարքային բնակիչների օգնությամբ:
"Վանում բնակվող 1500 ընտանիք արդեն իսկ ցանկություն է հայտնել հյուրընկալել պատարագին ժամանող ուխտավորներին",-նշել է Կարաօղլուն` հատուկ ընդծելով.-"Այդ ընտանիքներն այժմ մանրակրկիտ ստուգման են ենթարկվում: Անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չի ծագի":
Թուրք պաշտոնյայի խոսքով, սակայն, սեպտեմբերի 19-ի պատարագի անցկացումը չի նշանակում, որ Սուրբ Խաչը վերածվում է գործող եկեղեցու: "Այն իրողությունը, որ Սուրբ Խաչում թույլատրվում է տարին մեկ անգամ հոգեւոր արարողություն կազմակերպել, չի նշանակում, որ այն կորցնում է թանգարանի իր կարգավիճակը: Որեւէ թանգարան չի կարող կլոր տարին գործել նաեւ որպես եկեղեցի: Սա պարզապես բարի կամքի մեծ դրսեւորում էր մշակույթի նախարարության կողմից",-Hurriyet-ին ասել է Վանի նահանգապետը:
Աղթամար կղզու հայկական եկեղեցում թանգարանը սկսել է գործել 2007 թվականի գարնանից:
"Մինչեւ սեպտեմբերի 19-ը Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ կտեղադրվի, բայց զանգակատունը չի գործի",-գրում է Hurriyet-ը:
Թուրքական թերթի փոխանցմամբ` իշխանությունները բավական լրջորեն են նախապարաստվում սեպտեմբերի 19-ի արարողությանը: Հաշվի առնելով, որ Աղթամար կղզին չափերով շատ մեծ չէ, Վանա լճի հարակից ափերին մեծ էկրաններ եւ բարձրախոսներ են տեղադրվելու, որոնց օգնությամբ մարդիկ կհետեւեն պատարագի ընթացքին: Բացի այդ, հատուկ մամլո կենտրոն կբացվի թուրք եւ օտարերկրացի լրագրողների համար:
Վանի նահանգապետը նշում է, որ պատարագին զուգահեռ` Վանում կմեկնարկեն հայ-թուրքական մշակույթի օրերը. "Սեպտեմբերի 19-ից սկսած` տասն օր շարունակ մշակութային միջոցառումներ են անցկացվելու Վան քաղաքի կենտրոնում գտնվող փակ մարզադահլիճում":
Ինչ վերաբերում է Վանի մերձակայքում գտնվող մյուս հայկական եկեղեցիներին, ապա, Մյունիր Կարաօղլուի վկայությամբ, "դրանցից առնվազն երկուսը շուտով վերանորոգվելու են". խոսքը Աղթամարի հարեւանությամբ գտնվող Կտուց` այժմ Չարփանակ կոչվող կղզու վանական համալիրի եւ հայտնի Վարագավանքի մասին է:
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment