Saturday, June 5, 2010

Թել Ավիվն Անկարային կհարվածի Հայոց ցեղասպանության բանաձևով. Մեհմեդ Ալի Բիրանդ

Tert.am. 4-5-2010- Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, CNNTurk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը, անդրադառնալով օրեր առաջ «Խաղաղության նավախմբի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպին, գրում է, որ այդ իրադարձությամբ խարխլվելու են ոչ միայն թուրք-իսրայելական հարաբերության հիմքերը, այլև տարածաշրջանում փոխվելու է հավասարակաշռությունը և ստեղծվելու է բոլորովին նոր իրավիճակ: «Նախ և առաջ, երկու երկրները միմյանց թշնամի դարձան, և Թուրքիան շարունակելու է Իսրայելին դիտել որպես թշնամի: Անգամ եթե Նեթանյահուի կառավարությունը փոխվի, և գա նոր կառավարություն, մեկ է, Թուրքիան նրան չի ներելու: Իսրայելն էլ իր հերթին Թուրքիային դիտելու է որպես թշնամի և որդեգրելու է դրան համահունչ քաղաքականություն: Եվ օգտակար կլինի, եթե Թուրքիան դրան պատրաստվի հենց այս պահից»,- գրում է թուրք վերլուծաբանը` նշելով հնարավոր մի քանի թույլ կետեր, որոնց փորձելու են հարվածել Իսրայելն ու հրեական լոբբին: «Այսուհետև միջազգային մամուլում հանդիպելու ենք այնպիսի հոդվածների, որոնցում կնշվի, թե Թուրքիան մեջքով է շրջվել դեպի Արևմուտքը և սկսել է հետաքրքրվել Իրան-ՀԱՄԱՍ-Իսլամ եռանկյունիով: Խոսակցություններ կսկսվեն «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության անցյալի մասին, հետազոտություններ, զեկույցներ կհրապարակվեն այն մասին, թե ինչպես է Թուրքիայի ուղեգիծը փոխում Էրդողան-Դավութօղլու տանդեմը… Իսկ այս արշավը հրահրվելու է հրեական լոբբի կողմից: Լուրեր կշրջանառվեն այն մասին, թե ինչքան «վտանգավոր» է Թուրքիայում ներդրումներ կատարելը: Այսուհետև Թուրքիան պետք է սպասի Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Իսկ հրեական լոբբին շատ հեշտությամբ այս բնագավառում կարող է հաջողություններ արձանագրել: Պետք է սպասել նաև, որ Իսրայել պետությունն իր գործունեությունը կակտիվացնի Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հարցում: Իսկ թե դա ինչպես և որ բնագավառում ի հայտ կգա, դժվար է ասել: Սակայն, ամենայն հավանականությամբ, մի շարք բնագավառներում իր գործունեությունը կընդլայնի Mossad-ը: Իսրայելի ձեռքում մեկ այլ կարևոր զենք կա՝ Վաշինգտոնի վրա ազդեցությունը։ Հրեական լոբբին, օգտվելով ամերիկյան լրատվամիջոցներին և վարչակազմի բոլոր կառույցներին հասնելու իր կարողությունից, կփորձի էլ ավելի խորացնել Անկարա-Վաշինգտոն հակասությունները (օրինակ` Իրանի հարցում)»,- գրում է Ալի Բիրանդը: Միևնույն ժամանակ, թուրք վերլուծաբանը նշում է մի քանի հնարավոր տարբերակներ, որոնց կիրառման դեպքում Թուրքիային կհաջողվի կասեցնել իր դեմ հրեական լոբբի կողմից ծավալվելիք արշավը: «Շատ կարևոր է, որ Թուրքիան առանց ուռճացնելու շարունակի իր այսօրվա քաղաքականությունը: Օրինակ` նոր նավախմբեր չուղարկի, նվազեցնի իր կոշտ հայտարարությունների թիվն ու դրանց չափաբաժինը, խոսի այնքան, որքան կարող է անել, բացի այդ հետևի, որպեսզի հանրության ներսում առկա հակազդեցությունն ու այդ առնչությամբ կազմակերպվող ակցիները չանցնեն թույլատրելիի սահմանը… Իսկ Թուրքիայի ձեռքում ամենակարևոր հաղթաթուղթը դառնալու է սեփական տնտեսությունն ամուր պահելն ու այն զարգացնելը»,- եզրափակում է Մեհմեդ Ալի Բիրանդը:

No comments: