Saturday, June 5, 2010

Լեոնիդ Ռեշետնիկով. Ոչ մի արտաքին ուժ չի կարող ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որոշիչ դեր խաղալ

Panorama.am.5-6-2010- «Ղարաբաղի հարցը շատ բարդ է, չնայած լուծման նախադրյալներ միշտ էլ կան: Դրանք կախված են երկու կողմերից` հայկական և ադրբեջանական: Դա փոխզիջման, երկուստեք ընդունելի որոշումների որոնումն է»,- այս մասին լրագրողներին ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի (ՌՀՌԻ) տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը, ով մասնակցում էր «Հայ-ռուսական փոխգործակցություն և տարածաշրջանային հիմնախնդիրներ» խորագրով կլոր սեղանին: Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարատության կարգավորումը երկար ժամանակ պահանջող գործընթաց է, այն արդեն ձգվում է 20 տարի ու առջևում դեռ բանակցությունների երկար տարիներ են: Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում, ըստ նրա, այն է, որ հարցի լուծումն առաջին հերթին կախված է Հայաստանից և Ադրբեջանից: «Ոչ մի արտաքին ուժ չի կարող որոշիչ դեր խաղալ: Չի կարելի ստիպել կողմերին անել այս կամ այն քայլը: Մենք կարող ենք միայն ինչ-որ խորհուրդներ տալ»,- ասաց նա` հավելելով, որ գործընթացի կարգավորման միակ ուղին բանակցությունների ճանապարհն է: Նա բացառեց ռազմական ճանապարը` այն համարելով սխալ: Ու որպես ռազմական ճանապարհով խնդրի լուծման սխալ ճանապարհի օրինակ նա մատնանշեց 2008 թ. ռուս-վրացական կարճատև պատերազմը: Պատասխանելով այն հարցին, թե միգուցե՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ դիմի Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու քայլին, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի (ՌՀՌԻ) տնօրեն ասաց. «Այս դեպքում սցենարը քիչ հավական եմ համարում, քանի որ Ալիևը Սահակաշվիլի չէ: Դժվար թե դիմի նման ծայահեղ քայլի»: Կլոր սեղանի մասնակից ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ ղարաբաղյան խնդրի մասին ասաց, որ Ղարաբաղը պետք է միջազգային ճանաչում ունենա և առևտրի առարկա չպետք է դառնա: «Մեր դիրքորոշումը սա է»,- ասաց նա:

No comments: