Sunday, October 31, 2010

«Ժառանգություն». ՆԱՏՕ-ի բանաձեւը երկու նախագահների վրա ճնշում գործադրելու միջոց է

News.am. 30-10-2010- Նոյեմբերի 12-16-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի 56-րդ գագաթաժողովում ԼՂ-ի վերաբերյալ բանաձեւի քննարկման նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց է` դեկտեմբերին սկզբին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ է:
Նրա խոսքով, այդ փաստաթուղթը ոչ մի կերպ չի կարելի անվանել հայամետ (նման կարծիք էր հայտել ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը. Խմբ.), քանի որ հենց միայն համակարտության ձեւակերպումը հասատատում է դա:
«Բանաձեւում օգտագործվում է հետեւյալ ձեւակերպումը. «ընդունելով, որ հակամարտությունը ԼՂ կարգավիճակի շուրջ եւ ԼՂ-ին հարակից 7 օկուպացված տարածքները...»: Սա նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ ճնշում են բանեցնելու այսպես կորչված, «օկուպացված տարածքները» վերադարձնելու նպատակով, իսկ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը կապված է ԼՂՀ կարգավիճակը ճանաչելու հետ: Այդ բանաձեւը երկու նախագահների վրա ճնշում գործադրելու միջոց է»,- ասաց նա:
Սաֆարյանը նաեւ նշեց, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է, որ ԼՂ կարգավորման գործընթացը կարող է դուրս գալ ԵԱՀԿ-ի շրջանակներից երկու պատճառով: Առաջին պատճառը Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգն է, երկրորդը Ռուսաստանի զուգահեռ գործընթաց սկսելու ցանկությունն է: Դրա արդյունքում բանաձեւում շատ են կոչերը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարություններին եւ խորհրդարաններին` աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին ԼՂ խնդրի կարգավորման գործում:
«Եթե, ՀՀ իշխանությունների կարծիքով, բանաձեւը պարտադիր չէ եւ խորհրդատվական բնույթ ունի, ապա ինչո՞ւ հայկական կողմը բանաձեւի հետ կապված առաջարկներ մշակում: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները պետք է հավաքվեն ու միասին որոշեն, թե ինչպիսի առաջարկներ պետք է պատրաստվեն»,- ասաց պատգամավորը, հավելելով, որ ինքն իր կոնկրետ առաջարկներն ունի:
«Եթե ՆԱՏՕ-ում խոստովանում են, որ անհրաժեշտ է աջակցել ԵԱՀԿ Միսնկի խմբին ԼՂ խնդրի կարգավորման հարցում, ապա պետք է հասկանալ պատճառները: սկ պատճառը Ադրբեջանի կողմից ստեղծած վիճակն է: Պետք է գնահատականներ հնչեցվեն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը եւ նվազեցնում Մինսկի խմբի դերը հակամարտության կարգավորման հարցում»,- ասաց Սաֆարյանը:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը քննարկվելու է ՆԱՏՕ-ի 56-րդ գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 12-16-ին Վարշավայում: Այն պատրաստվել է կանադացի զեկուցող Ռեյնել Անդրեյչուկի կողմից: Քվեարկությունը կկայանա նոյեմբերի 14-ին:

No comments: