Monday, June 28, 2010

Կաթողիկոս. Մեր քաջարի չորս զոհյալ զավակները հավիտենապես կապրեն բոլորիս հոգիներում

Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագի ավարտից հետո նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվել է հոգեհանգստյան արարողություն` հունիսի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի շփման գոտում տեղի ունեցած դիվերսիոն հարձակման ընթացքին զոհված 4 հայ զինծառայողների հոգիների հանգստության համար: «Սիրելի հավատացյալ հայորդիներ, Վշտացյալ և տրտմյալ հոգիներով այս պահին հոգեհանգիստը կատարեցինք մեր այն չորս զավակաց հոգիների հանգստության համար, ովքեր հայրենի սահմանների պաշտպանության նվիրական գործում ծառայողական իրենց պարտքը կատարելիս` զոհվեցին ադրբեջանական կողմի տմարդի և նենգ հարձակման ժամանակ: Աղոթք բարձրացրեցինք ` հայցելով Երկնավոր Տիրոջը, որ իր լուսեղեն օթևաններում ընդունի հոգիները մեր անմեղ չորս զավակների և Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի նրանց վշտակիր հարազատներին: Սիրելիներ, Քաջալերվելով ու գոտեպնդվելով ամոքեցեք ձեր վիշտն ու ցավը կորստի, որ միայն ձերը չէ այլ ողջ ժողովրդինը, որովհետև զոհվածը միայն անհատ ծնողի զավակը չէ, այլ նաև ազգի, հայրենիքի զավակն է, որ իր կյանքը պսակեց նահատակության պսակով հայրենիքի սիրույն համար»,-իր խոսքում նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը, հիշեցնելով առաքյալի խոսքը, մահը ոչինչ է և ձեր զավակներն հաղթեցինյ մահվանը իրենց նահատակությամբ` դառնալով բարի օրինակը արիության ու հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրո ու նվիրումի մեր ժողովրդի զավակաց համար: «Մեր հորդորն ու պատգամն է ձեզ, որ Սուրբ Հոգու մխիթարությամբ մխիթարված ու գոտեպնդված, առանց ընկճվելու և տրտմելու, հպարտությամբ, բարձր ու պարզ ճակատով շարունակեք ձեր կյանքի ընթացքը` հատատ համոզումով, որ մեր քաջարի չորս զոհյալ զավակները հավիտենապես կապրեն բոլորիս հոգիներում: Թող Բարձրյալն Աստծո Աջը միշտ հովանի լինի ձեր վրա և Սուրբ Հոգու սերը շնորհն ու խաղախությունը լինի ամենքիս հետ այժմ և հավտյանս, ամեն»,- հոգեհանգստյան արարողությանը ներկա զոհվածների հարազատներին դիմելով հորդորեց Վեհափառ Հայրապետը:

No comments: