Friday, June 11, 2010

ԻՍՐԱՅԵԼԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ»

«ԱԶԳ», 11-06-2010- Չնայած մինչեւ «Ազատության նավատորմի» վրա իսրայելական հարձակումն էլ թուրք-իսրայելական հարաբերությունները փայլուն չէին, սակայն Գազայի շուրջը եղած իրարանցումից հետո դրանք էլ ավելի փչացան: Իսրայելը սկսեց մեղադրանքներ տեղալ Անկարայի հասցեին, որ իրականում նավերը հումանիտար օգնություն չէին բերում, այլ ահաբեկչական էին: Սրան զուգահեռ` Թել Ավիվը, մասնավորապես հրեական լոբբին, հանկարծ հիշեց հայերի մասին: «Ազգը» նախավերջին համարում գրել էր, որ իսրայելցի ուսանողները, պատասխանելով Էրդողանի մեղադրանքներին, պատրաստվում են մարդասիրական օգնություն ուղարկել Թուրքիա` տեղի հայերին ու քրդերին, բացի այդ, հրեական ազդեցիկ լոբբիստական կազմակերպությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում այլեւս «օգնել Թուրքիային` ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման», այս մասին գրում է հայտնի Washington Post-ը: Թերթը հիշեցրել է, որ հենց հրեական լոբբիստական կազմակերպությունների միջամտությամբ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նամակ գրեց Ներկայացուցիչների պալատի խոսնակին, եւ հայկական բանաձեւը դուրս եկավ օրակարգից: «Այդ օրերին մեր կազմակերպության հեռախոսը ոչ մի րոպե չեր լռում, մեզ զանգահարում էին տարբեր թուրքական կազմակերպություններից, եւ մեզ հաջողվեց վերջին պահին նամակ ուղարկել Բիլ Քլինթոնին եւ կասեցվեց հայկական բանաձեւի ընդունումը», Washington Post-ի էջերում անկեղծացել է ամերիկա-իսրայելական հանձնախմբի ներկայացուցիչ Քեյդ Վիսմանին: Այս տարիՙ մարտի 4-ին նույն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց հայկական բանաձեւը, այժմ այն պետք է անցնի պալատի լիագումար նիստի օրակարգ, իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հիշեցնենք, ապրիլի 24-ին հայտարարեց, որ ինքն «ամեն կերպ պաշտպանելու է բանաձեւի ընդունումը: Այսօր մենք բոլորս հայ ենք», դիմելով ներկաներին նշել էր Փելոսին: Եթե նաեւ գումարենք, որ հրեական կազմակերպությունները որոշել են հակահայկական քայլեր չձեռնարկել, ապա այս անգամ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման հույսերն ավելի հիմնավոր են թվում: Հայոց ցեղասպանության մասին օրերս միջազգային հանրությանը հիշեցրել է նաեւ հրեա վերլուծաբան Դով Ֆիշերը ` FrontPage Magazine կայքում: Ֆիշերը տարակուսանք է հայտնել, թե այդ ինչպե՞ս է , որ Անկարան պահանջում է պատժել Իսրայելին մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմի վրա հարձակման համար, սակայն մինչեւ այսօր չի ճանաչել հայերի ցեղասպանությունը: «Իսրայելը նավատորմի դեպքերի հետ կապված հայտնեց իր ափսոսանքը, սակայն Թուրքիան արդեն մեկ հարյուրամյակ հրաժարվում է ընդունել 1,5 մլն հայերի ցեղասպանության փաստը: Անկարան չի ճանաչել եւ ներողություն չի խնդրել հայերից այդ կապակցությամբ», գրում է հրեա վերլուծաբանը: Փաստորեն ստացվում է, որ թուրք-իսրայելական հարաբերություններում հետաքրքրական ընթացք կարող է ստանալ Հայկական հարցը` մասնավորապես Իսրայելի ձեռքերում: Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ մտել է իսրայելական Քնեսեթ, բացի այդ, հրեական լոբբին մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ում, ապա կարելի է նկատել, որ Թուրքիա-Իսրայել հակամարտությունում միայն Անկարան չէ, որ կարող է «պատժել Թել Ավիվին: Հ. ԱՖՅԱՆ

No comments: