Saturday, June 5, 2010

«ՄԱՐՄԱՐԱ» ՆԱՎԻ ՎՐԱ ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄՐԱՊՆԴԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔԵՐԸ ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ

Դա ձեռնտու է նաեւ Իսրայելին, միայն թե Թուրքիան չստանա Արեւմուտքից ավելի անկախ գործելու հնարավորություն «ԱԶԳ», 04-06-2010- «Մեր ուղեգիծը Պաղեստինն է, իսկ բեռըՙ մարդասիրական օգնություն» կարգախոսով դեպի Գազա նավարկող «Ազատության նավատորմիղի» դեմ իսրայելական հատուկ ջոկատի կազմակերպած զինված գործունեությանը բուռն հակազդեցություն ցուցաբերեց Թուրքիան, ներգրավելով դրանում ժողովրդական լայն զանգվածներին: Դիտարկելով այդ գործողությունը որպես պետական ահաբեկչության դրսեւորում, վարչապետ Էրդողանի կառավարությունը պահանջել է, որ Իսրայելը դատապարտվի միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար, հարցը հետաքննի ՄԱԿ-ը, պատժվեն պատասխանատուները, փոխհատուցում վճարվի տուժածներին, անհապաղ ազատ արձակվեն նավատորմի անձնակազմն ու ուղեւորները, որոնք ձերբակալված էին, եւ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի Թուրքիայից: Նույնիսկ հնչեցին թուրք-իսրայելական հարաբերությունները խզելու եւ Իսրայելի դեմ ռազմական համարժեք գործողությունների դիմելու կարծիքներ: Հունիսի 1-ին դրանց Թուրքիայի ազգային մեծ ժողովի ամբիոնից պատասխանեց փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ասելով. «Թող ոչ ոք չսպասի, որ մենք պատերազմ կհայտարարենք Իսրայելին»: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիՙ արտգործնախարար Դավութօղլուի նախաձեռնությամբ գումարված արտակարգ նիստը չկատարեց Թուրքիայի պահանջներըՙ Իսրայելին դատապարտելուց զատ, Անկարան, այնուամենայնիվ, չխզեց թուրք-իսրայելական հարաբերությունները: Ավելին, հակառակ Դավութօղլուի հավաստիացումներին, թե հունիսի 2-ի հանդիպմանը Հիլարի Քլինթոնին հստակ ներկայացրել է Թուրքիայի պահանջները, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին նույն օրը հայտարարեց. «Դավութօղլուն հանդիպմանը միջադեպը դատապարտելու առանձնահատուկ որեւէ պահանջ չի ներկայացրել տիկին Քլինթոնին»: Այդ ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը PBS հեռուստատեսության էկրանից պաշտպանեց «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելական հատուկ ջոկատի հարձակումը: Չնայած Թուրքիայի համառ պահանջներին, Իսրայելը ոչ թե ազատ արձակեց կալանված նավատորմիղի ձերբակալված անձնակազմին եւ ուղեւորներին, այլ արտաքսեց երկրից, այն էլՙ 15-ժամյա ինտենսիվ բանակցություններից հետ: Ինչ վերաբերում է Թուրքիայից պաշտոնապես ներողություն խնդրելու պահանջին, ապա դա էլ հունիսի 2-ին կտրականապես մերժեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, թե իր երկիրը չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ ինքը հպարտանում է իսրայելցի զինվորներով: Առհասարակ ո՞ր դեպքում են հպարտանում զինվորներով, այնՙ եթե նրանք կանխում են սադրանքը: «Ազգի» երեկվա համարում չէինք բացառել դրա հնարավորությունը: Վերադառնալով Ստամբուլ, օդանավակայանում, ինչպես երեկ նշել է «Դունյաբյուլթենի.նետ» կայքէջը, մեզ հաստատել է թուրքական «Մավի Մարմարա» նավի ուղեւորներից «Մարդու իրավունքների եւ ազատությունների հումանիտար օգնություն» կազմակերպության ղեկավար Բյուլենթ Յլդրըմը: Ահա թե ինչ է ասել. «Առավոտյան նամազին հանկարծ հարձակման ենթարկվեցինք: Մեր ընկերները զուտ խաղաղ դիմադրություն ցուցաբերեցին: Այնտեղ էին մամուլի բոլոր ներկայացուցիչները: Դիմադրության առաջին փուլում զինաթափել ենք իսրայելցի 10 զինծառայողներին: Այո, խլեցինք նրանց զենքը, բայց առանց օգտագործելու ծով շպրտեցինք: Մեզ համար նախընտրելի էր նահատակվել, քան այդ զենքը օգտագործել: Այնուհետեւ սկսեցին կրակոցներ տեղալ մեր վրա: Մեզ ուղեկցող ռազմանավերը օգնության չհասան: Հանձնվող ընկերներին սպանեցին: Չէինք հանձնվի, եթե մեզ հետ կանայք չլինեին: Ալլահն օրհնի վարչապետին, նախագահին, արտգործնախարարին, զանգահարեցին ինձ: Էրբաքան ուսուցիչը զանգահարեց, այլ կուսակցականներըՙ նույնպես: Երախտապարտ եմ: Երբ ինձ հարցաքննում էին Իսրայելում, հարցրեցրին. «Դու մեր զինվորների վրա երկաթե ձողով եւ կացնով չե՞ս հարձակվել»: Ես ասացի, որ պաշտպանվում էի»: Թերեւս այդ առումով պատահական չէր Իսրայելի կառավարության հունիսի 2-ի հայտարարությունը. «Նավի ուղեւորների շուրջ 40-ն այս նախաձեռնությանը մասնակցում էինՙ կռվելու եւ նահատակվելու առաջադրանքով»: Հիրավի «Մարդու իրավունքների եւ ազատությունների հումանիտար օգնության» կազմակերպությունը ի տարբերություն Մարդու իրավունքների միության, որի նկատմամբ անբարյացակամ է երկրի ղեկավարների վերաբերմունքը, թուրք իսլամականների արմատական կազմակերպություն է, այլապես «Բարօրություն» կուսակցության նախկին նախագահ Նեջմեթդին Էրբաքանը չէր շնորհավորի նրա ղեկավարին: Այս ամենի առումով հատկանշական են «Ռոյթերի» հետեւությունները, որին պաշտպանել են արաբական թերթերը. «Թուրք-իսրայելական լարվածությունը արաբական երկրներում նպաստել է Թուրքիայի ժողովրդականության աճին»: Մենք էլ ավելացնում ենք. «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելական հատուկ ջոկատի հարձակումն էլ նպաստել է, որ Պաղեստինի ինքնավարության ողջ տարածքում Մահմուդ Աբբասի նկատմամբ ամրապնդվեն «Համմասի» դիրքերը: Նույնը պետք է ասել Սիրիայի եւ Իրանի նկատմամբ Թուրքիայի դիրքերի պարագայում: Ի դեպ, հայտնի են այս երկրներին ԱՄՆ-ի, ԵՄ-ի բացասական մոտեցումները, էլ չենք խոսում Իսրայելի մոտեցման մասին: Այլ կերպ, Պաղեստինի ինքնավարությունում Սիրիայի եւ Իրանի նկատմամբ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը, որը ենթադրում է վերջինի դիրքերի ամրապնդում իսլամական եւ արաբական աշխարհներում, նախընտրելի է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, հատկապես Իսրայելի համար, միայն թե դա Թուրքիային չտա Արեւմուտքից ավելի անկախ գործելու հնարավորություն, թուրքական պետության ղեկավարների հակաիսրայելական ելույթները չոգեւորեն թուրք-իսլամականներին եւ նրանք չնպաստեն հակաիսլամական տրամադրությունների ծավալմանը թուրքական հասարակությունում: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: