Երեքշաբթի, մայիսի 25-ին, Թեհրանի ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի փոքր դահլիճում ցուցադրվեց հայրենի ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Սարդարապատ» փաստագրական ֆիլմը:
Օրվա առիթով ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը հղել էր իր պատգամը, որում ի մասնավորի ասվում էր. «Շնորհակալ եմ, որ պատվեցիք Ձեր ներկայությամբ իմ համեստ աշխատանքը: Գիտեմ, որ մեկ ժամ հետո որոշակի դառնությամբ պիտի լցվեք, բայց ի՞նչ արած՝ երբեմն ճշմարտությունը դառն է, ինչպես որ ցանկացած դեղ, իսկ մեզ այսօր ավելի քան երբեւէ ճշմարտություն եւ դեղ է անհրաժեշտ, քանզի մեր երկիրը ծանր հիվանդ է: Դրանով չեմ ուզում ասել, իբրեւ թե ես բժիշկ եմ, կամ գիտեմ ճշմարտությունը՝ ոչ: Ես բժիշկ չեմ, բայց ես զգում եմ նույն ցավը, իսկ հին չինական իմաստությունն ասում է, որ այն հիվանդը, ով գիտի իր հիվանդության մասին, կիսով չափ առողջ է: Մոռացված, կեղծված կամ չգիտակցված անցյալը նորից ու նորից վերադառնում ու կրկնվում է, ինչի ապացույցն է ՀՀ իշխանության վերջին շրջանի անհեթեթությունը: Սակայն Սարդարապատի մեծագույն խորհուրդն ու դասը՝ մեր հաղթանակն է, ուստի եւ շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի տոնը՝ մեր նոր Սարդարապատների ու հաղթանակների ակնկալիքով»:
Տ. Խզմալյանը իր պատգամի կարճ տողերի միջոցով կարողացավ կապի մեջ մտնել հանդիսատեսի հետ, իսկ ֆիլմի ավարտվելուց հետո բավական հետաքրքիր գնահատականներ հնչեցին նրա մասին, որտեղ ամենակարեւորը երեւի ճշմարտությունն ու անաչառությունն էր:
Ֆիլմի ցուցադրումից հետո, Արթին Բաղումյանը ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի Վարչության ու նաեւ միության Մշակութային եւ Ուսանողական բաժանմունքների կողմից շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար: Նա իր խոսքերում ի միջի այլոց նշեց, որ. «Րաֆֆի» համալիրը իր պարտքն է համարում նաեւ հայ հասարակությանը ծանոթացնել իր պատմության եւ մշակութային արժեքների հետ:
«ԱՐԱՔՍ» թիվ 199
http://araxmag.blogspot.com/
Sunday, June 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment