Saturday, June 26, 2010

PKK-Ի ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌԸ «ՔՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ» ՁԱԽՈՂՈՒՄՆ Է

Այլ ոչ թե Թուրքիա-Իսրայել հարաբերություններում առաջացած լարվածությունը «ԱԶԳ», 26-06-2010- Մայիսի 31-ին, երբ իսրայելական հատուկ ջոկատը հարձակում էր գործում «Ազատության նավատորմիղի» թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, նույն օրը Իսկենդերինում (նախկին Ալեքսանդրետի սանջակ) սպանվեց վեց թուրք զինծառայող: Այդ սպանությունը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը վերագրեց Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանըՙ PKK-ին, իսկ երկրի քաղաքական տարբեր շրջանակները, մասնավորապեսՙ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունըՙ «Ազգայնական շարժում» կուսակցությունը եւ իսլամականները սկսեցին զուգահեռներ անցկացնել նավի վրա կատարված հարձակման եւ զինծառայողների սպանության միջեւ, որպեսզի Թուրքիայում քրդական ահաբեկչության ակտիվացումը պայմանավորվի Իսրայելի դավադիր շահագրգռությամբ: Ակնհայտ է, որ «քրդական» հարցը մեծ քաղաքականության մեծ խնդիր է: Ունենալով տարածաշրջանային բնույթ, դա իր վրա է գրավում ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի սեւեռուն ուշադրությունը, որովհետեւ որպես ազդեցության լծակ, կարելի է միաժամանակ օգտագործել ինչպես Սիրիայի եւ Իրաքի, այնպես էլՙ Իրանի ու Թուրքիայի դեմ: Օգտագործման առումով, թերեւս ամենախոցելին Թուրքիան է եւ Իրաքը: Թուրքիայում քրդերը կազմում են բնակչության մեկ քառորդը, այսինքնՙ շուրջ 20 միլիոն են, իսկ հակաիրաքյան պատերազմից հետո Հյուսիսային Իրաքում ձեւավորված «Քուրդիստան» շրջանն ունի սեփական բանակ, խորհրդարան, կառավարություն եւ դրոշ, այդ թվումՙ ներկայացուցչություններ ԱՄՆ-ում, Եվրոպայում, արեւմտյան երկրներն էլ, նրանց հետ նաեւ Ռուսաստանը, փոխադարձաբարՙ «Քուրդիստան» շրջանում: Իբրեւ տարածաշրջանային երկիր, «քրդական» հարցի հետ կապված զարգացումներին ուշի ուշով հետեւում է նաեւ Իսրայելը: Ավելին, թուրք-իսլամականների վկայությամբ, Հյուսիսային Իրաքում տեղակայված է իսրայելական երկու ռազմաբազա, «Քուրդիստան» շրջանի վարչակազմի հարաբերություններն ավելի քան սերտ են Իսրայելի հետ: Նաեւ հայտնի է, որ քրդական կանոնավոր զորքերին մարզում են իսրայելցի հրահանգիչները: Սակայն այս ամենը բավարար չէ Թուրքիայում PKK-ի ակտիվացումը Իսրայելի դավադիր շահագրգռությամբ պայմանավորելու համար: Ակտիվացման հիմքում տասնյակ տարիների վաղեմություն ունեցող «քրդական» հարցի չկարգավորվածությունն է, պետական իշխանությունների նկատմամբ քուրդ բնակչության հալածանքներից բխող անվստահությունն ու վարչապետ Էրդողանի «քրդական» նախաձեռնության ձախողումը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, «Ազգայնական շարժում» կուսակցությունների եւ զինված ուժերի գլխավոր շտաբի միահամուռ ջանքերով: Այլ կերպ, որքան էլ PKK-ն Իսրայելի տեսադաշտում լինի, Թուրքիայում դրա ակտիվացման պատճառը «քրդական» նախաձեռնության ձախողումն է: Դրանով, ինչ խոսք, մարել են «քրդական» հարցի երբեւէ կարգավորման հույսերը, խորացել է թուրքական պետական իշխանության նկատմամբ քուրդ բնակչության անվստահությունը: Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ ահաբեկչության թիրախ դառնային նաեւ երկրի արեւմտյան եւ առափնյա շրջանները, զինված գործողությունները հետզհետե ընդգրկեին խոշոր քաղաքներն ու զբոսաշրջության կենտրոնները, այս գործողությունների իրականացման համար PKK-ի կազմում ստեղծվեր հատուկ կառույց: «Ազգը» հունիսի 24-ի համարում «Ահաբեկչական նոր կազմակերպություն Ստամբուլում» վերնագրով նշել էր «Քուրդիստանի ազատության բազեների» անունը: Պարզվում է, այս կառույցը նոր չէ: Կազմավորվել է դեռեւս 2004-ին: ԱՄՆ-ի 2006-ի ապրիլի 28-ին հրապարակած «ահաբեկչության» զեկուցագրի համաձայն, PKK-ի կից կառույցներից է, նրա միջուկը կազմում են Հյուսիսային Իրաքի Կանդիլ լեռան ստորոտում տեղակայված PKK-ի ճամբարում ուսումնավարժական պատրաստություն անցած շուրջ 400 PKK-ականներ: Կազմավորման օրից «Քուրդիստանի ազատության բազեները» Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Անթալիայում, Մերսինում եւ Բոդրումում իրականացրել է մի քանի տասնյակ ահաբեկչական գործողություններ: Ի դեպ, այս կառույցն ունի պաշտոնական կայքէջ, որտեղ նշված է. «Առ այսօր իրականացված գործողությունները նախազգուշական բնույթ են կրում: Քանի դեռ թուրքական պետությունը չի հրաժարվել «քրդական» հարցի նկատմամբ որդեգրած կեղծ քաղաքականությունից, մենք շարունակելու ենք այդ գործողությունները: Կոչ ենք անում այն զբոսաշրջիկներին, որոնք ամառային արձակուրդները Թուրքիայում են անցկացնում, անհապաղ վերադառնան հայրենիք, քանի որ նրանք ֆինանսավորման աղբյուր են մեր ժողովրդի արժանապատվությունը արհամարհող թուրքական պետության համար»: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: