Այսօր ավարտվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի երկօրյա այցը Թուրքիա:
Tert.am. 27-7-2010- Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` այցի ընթացքում Քեմերոնը հանդիպել է իր թուրք գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիմնական թեմաներն են եղել թուրք-բրիտանական և թուրք-իսրայելական հարաբերությունները, Թուրքիայի` ԵՄ անդամակցությանն ու Իրանի միջուկային ծրագիրը:
Հանդիպման ավարտին Թուրքիայի վարչապետը Քեմերոնին է հանձնել օսմանյան սուլթան Մուրադ 3-րդի` Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 1-ին ուղղված նամակը, որով օսմանյան սուլթանը շնորհակալություն է հայտնում Անգլիային Իսպանիայում մուսուլմաններին գերությունից ազատելու համար:
Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին` Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել Թուրքիային ԵՄ անդամակցության հարցում:
«Եվրամիությունն առանց Թուրքիայի ոչ թե ավելի հզոր, այլ ավելի թույլ է լինելու, ոչ թե ավելի հարուստ, այլ ավելի աղքատ է լինելու»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Անդրադառնալով Թուրքիայի և Իսրայելի միջև «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի առնչությամբ լարված հարաբերություններին` Քեմերոնը հայտարարել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները պետք է շարունակվեն հանուն Մերձավոր Արևելքում խաղաղության:
Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է Իսրայելի հետ հարաբերություններն իրենց բնականոն ընթացքին վերադարձնելու համար պաշտոնական Անկարայի առաջ քաշած պահանջները:
«Միջազգային ջրերում տեղի ունեցած նման հարձակումը կարելի է բնութագրել մեկ բառով: Դա ծովահենություն է: Դրան որևէ այլ բացատրություն չկա: Դրանով զբաղվում են Սոմալիի ծովահենները: Անհրաժեշտ է, որպեսզի Իսրայելը հրաժարվի նման սխալ գործելաոճից, ներողություն խնդրի, փոխհատուցում վճարի և վերացնի շրջափակումը: Իմ ազգն այդպես է կարծում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Wednesday, July 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment