Wednesday, July 28, 2010

ԳՈՐԴՈՆԻ ՋՐԱԾԸ ԵՐԲ ԿՉՈՐԱՆԱ

«Լրագիր» 28-7-2010- Չնայած Վարդավառն անց է ահագին, բայց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը բավական սառջ ջուր լցրեց Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների գլխին, որոնք այնքան էին ոգեւորվել Կոսովոյի անկախության օրինականության մասին Հաագայի դատարանի կայացրած որոշումից, որ թե դատարանի, թե ԱՄՆ, թե գուցե եվրոպացիների եւ միգուցե հենց Կոսովոյի մոտ էլ երեւի թե կասկածներ առաջացան, որ կարող է պատահի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ է, բայց իրենց աչքին Կոսովո է երեւացել գրվածը: «Դատարանի ընդունած որոշումը սերտորեն կապված էր Կոսովոյի առանձնահատուկ հանգամանքների հետ. այն Կոսովոյի մասին էր, եւ ոչ այլ տարածաշրջանների կամ պետությունների, եւ նախադեպ չի ստեղծում այլ տարածաշրջանների կամ պետությունների համար», ասել է Ֆիլիպ Գորդոնը: Փաստորեն նա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին “ասել” է, որ Հաագայի դատարանի որոշումն ամենեւին էլ նոր իրավիճակ չի ստեղծում, ինչպես օրերս հայտարարել էր Սահակյանը: “Եթե նոր իրավիճակ եք ուզում, ապա ինքներդ պետք է ստեղծեք այդ իրավճակը”, երեւի թե կարելի է կարդալ Գորդոնի խոսքի տողատակում: Միգուցե այդ “ջրոցին”, որ Վարդավառի սիրահար հայերի համար կազմակերպեց Գորդոնը, կդադարեցնի այն համազգային, համահայկական էյֆորիան, որ եղավ Կոսովոյի մասին որոշման կապակցությամբ, եւ կստիպի մտածել “գետնին մոտ” իրողությունների մասին: Ձրիակերությունը միգուցե աշխատում է ներքին կյանքում, երբ հասարակության եւ պետության հաշվին հարստանում են որոշ անձինք ու խմբեր, ովքեր տիրանում են իշխանությանն ու այն պահում են անգամ քաղաքացիների կյանքի գնով: Բայց համաշխարհային քաղաքականության մեջ ձրիակերությունը խրախուսվող չէ: Պետք չէ նստել Երեւանում կամ Ստեփանակերտում եւ մտածել, թե ահա Հաագան որոշում է կայացրել Կոսովոյի մասին, եւ բավական է այդ որոշումից մի լավ ոգեւորվել` ավելի, քան Կոսովոն, ու այն կծառայի մեզ ինչքան որ ուզենք: “Ոսկե ձկնիկը” կեղծ աշխարհաքաղաքական կատեգորիա է: Աշխարհաքաղաքականությունը որքան “աշխարհա”, նույնքան “անհատա” քաղաքականություն է: Այնտեղ հարցերը դիտարկվում են գլոբալ համատեքստում, բայց դրվում են շատ կոնկրետ տեքստերով: Եթե որեւէ քաղաքական իստեբլիշմենտ ունակ չէ գիտակցել այդ պարզ իրողությունը, ապա դա արդեն տվյալ իստեբլիշմենտի խնդիրն է, եւ Գորդոնի լցրած ջուրը վկայում է, որ աշխարհը չի պատրաստվում ստանձնել այդ խնդիրների բեռն ու լուծել դրանք: Ու պետք չէ կարծել, թե Գորդոնի հայտարարությունը հակասում է հայկական շահին: Հակառակը, դա հենց հայկական շահից բխող հայտարարություն է, որովհետեւ ուսանելի է, որովհետեւ ճանապարհ ցույց տվող հայտարարություն է, որովհետեւ պատրանքները ցրող հայտարարություն է, մտածել տվող հայտարարություն է: Այլ խնդիր է, թե այն ինչ ազդեցություն կունենա “ձրի պանրի” հոտն առած իստեբլիշմենտի համար, եւ արդյոք Գորդոնի ջրած այդ իստեբլիշմենտը գոնե չորանալու հարցում կփորձի ապավինել սեփական ջանքին եւ չորանալ իրավիճակին ադեկվատ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: