Saturday, July 10, 2010

Թուրքիան՝ ԼՂ հակամարտության չորրորդ կո՞ղմ

Tert.am. 9-7-2010- «Թուրքիան այսօր հանդիսանում է արցախյան կոնֆլիկտի չորրորդ կողմը»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ թվարկելով 4 կողմերին՝ Արցախը, Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան։ Բաբուխանյանի մեկնաբանությամբ, Թուրքիան հենց սկզբից էլ աջակցել է Ադրբեջանին՝ նրան տրամադրելով ռազմական օգնություն, փակել է Հայաստանի հետ սահմանը՝ թույլ չտալով անգամ հումանիտար օգնություն անցկացնել այդ սահմանով։ «Այսօր Թուրքիայի բոլոր շփումները, բոլոր քայլերը, բոլոր ծրագրերը, որոնք կապված են Հայաստանի հետ, միանշանակ կապվում են Ղարաբաղի հետ։ Այսինքն, Թուրքիան ղարաբաղյան կոնֆլիկտի չորրորդ կողմն է»,– ասաց Հայկ Բաբուխանյանը՝ ընդգծելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ֆուտբոլային դիվանագիտությամբ, ըստ էության, առաջարկ արվեց Թուրքիային որպես կողմ դուրս գալ ղարաբաղյան բանակցություններից, սակայն «Թուրքիայի ցեղասպանաստեղծ մենթալիտետը թույլ չտվեց նրան» դա անել։ ՍԻՄ նախագահը նշեց, որ ինքը դեմ չէ, որ Թուրքիան լինի ԼՂ հակամարտության կողմ, սակայն այդ դեպքում հարկավոր է Թուրքիային մի շարք պահանջներ ներկայացնել։ «Գիտե՞ք, ես դեմ չեմ լինի, որ Թուրքիան մասնակցի բանակցություններին՝ որպես կողմ, բայց այդ դեպքում Թուրքիայի հանդեպ Հայաստանը պետք է դնի բոլոր այն պահանջները, որոնք գոյություն ունեն հայ–թուրքական փոխհարաբերությունների օրակարգում»,– ասաց նա։

No comments: