Monday, July 5, 2010

Թել Ավիվ. Ներողություն պետք է խնդրի ոչ թե Իսրայելը, այլ` Թուրքիան

Tert.am. 5-7-2010- Ներողություն պետք է խնդրի ոչ թե Թել Ավիվը, այլ Անկարան: Այս մասին, թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ, Լատվիայում հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը` ի պատասխան Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը: «Մենք ներողություն խնդրելու որևէ մտադրություն չունենք: Մեր կարծիքով` ճիշտ կլինի, եթե հակառակ կողմը դա անի»,- հայտարարել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական Hurriyet օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Իսրայելը ներողություն չխնդրի «ազատության տորմիղի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի համար, ապա թուրք-իսրայելական հարաբերությունները չեն կարգավորվի և վերջնականապես կխզվեն: «Իսրայելը 3 ճանապարհ ունի. կա՛մ ներողություն խնդրել, կա՛մ համաձայնվել միջազգային հանձնախումբ ստեղծել, կա՛մ էլ կապերը լիովին կխզվեն»,–ասել էր Դավութօղլուն։ Նա հաստատել է, որ թուրքական իշխանություններն արգելում են Իսրայելի ռազմական ավիացիայի մուտքը Թուրքիայի օդային տարածք։ «Դեռ որոշում չի ընդունվել քաղաքացիական ավիացիայի համար օդային տարածքը արգելափակելու մասին, սակայն կախված դեպքերի զարգացումից՝ դա կարող է տեղի ունենալ»,– ասել է Դավութօղլուն։

No comments: