Wednesday, July 28, 2010

Էռնեստ Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. լրագրողի մայրը դարձյալ դիմել է միջազգային հանրությանը

Tert.am. 27-7-2010- Մերձդնեստրում լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքներով կալանավորված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը հերթական անգամ դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով աջակցել իր որդու նկատմամբ արդարադատության վերականգնման և նրա անհապաղ ազատ արձակման համար։ Լրագրողի մայրն իր նամակը հասցեագրել է երկրների ղեկավարներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, լրատվամիջոցներին և դիվանագիտական կառույցներին՝ ընդգծելով, որ իր որդու առողջական վիճակը կտրուկ վատացել է։ «Հուլիսի 23-ին մեզ հետ տեսակցության ժամանակ Էռնեստը հրաժարվեց հետագա տեսակցություններից՝ նշելով, որ գտնվում է հոգեկան ընկճվածության մեջ և այդ իրավիճակում ի վիճակի չէ տեսնել իր զավակներին։ Տեսակցության ժամանակ Էռնեստն ուժեղ հազում էր, ուներ բարձր ջերմություն, մարմնի վրա կային փայտոջիլի խայթոցի բազմաթիվ հետքեր, պարանոցի հատվածում՝ տարօրինակ երկար հետք, որը դանակով հասցված վնասվածք էր հիշեցնում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Էռնեստին անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվում»,- ասված է Թամարա Շաղոյանի նամակում։ Նա ընդգծում է, որ 4 ամիս գտնվելով կալանքի տակ՝ իր որդու ֆիզիկական և հոգեկան վիճակը կտրուկ վատացել է։ Դրա պատճառներն են սպառնալիքներն ու հոգեմետ դեղերի ներարկումը, ինչպես նաև ճնշման տակ արված ինքնախոստովանությունը։ «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ նրա վերջին հարցաքննությունը կայացել է կես ամիս առաջ։ Սա փաստում է այն մասին, որ Էռնեստ Վարդանյանին բանտում պահելն ու նրան առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Էռնեստին ազատությունից զրկելը քաղաքական խաղի շղթա է, որում Էռնեստը մասնակցություն չի ունեցել և չունի»,- ասված է նամակում։ Ըստ լրագրողի մոր՝ ժամանակակից աշխարհը չի կարող անտարբեր մնալ առանց պատճառի մեղադրվող մարդու ճակատագրի հանդեպ։ Հիշեցնենք, որ 30-ամյա Էռնեստ Վարդանյանն անազատության մեջ է ապրիլի 7-ից: Նրա ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ և Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին:

No comments: