Wednesday, July 28, 2010

«Ազգ». Երեւանը Թուրքիայի հետ հաշտեցման սեղանին նստել է «արտաքին ճնշման» ազդեցությամբ եւ սեղանից հեռացել այդ ճնշումներո՞վ

News.am. 28-7-2010- Պարբերականը մեջբերել է «Դիպլոմատիկ գյոզլեմ» թերթում հուլիսի 26-ին հրապարակված «Ինչո՞ւ Հայաստանը հանրաքվեի չի գնում» վերնագրով անստորագիր հոդվածը: «Հայ-թուրքական հարաբերությունները նոր փուլի սկզբնավորման կարիքն ունեն: Մինչ տարածաշրջանում տիրող իրավիճակն ու գլոբալ հնարավոր զարգացումները պահանջում են լարվածության թուլացումը Հարավային Կովկասում, Երեւանը խուսափում է արձանագրությունների առնչությամբ պատասխանատվության ստանձնումից: Դա կարող է պայմանավորել քաղաքական հասկանալի մտահոգությամբ: Սակայն այդ դեպքում էլ Երեւանը թող հանրաքվեի դնի արձանագրությունները, որ ժողովուրդը որոշի: Ամենայն հավանականությամբ, Երեւանի քաղաքական ընտրախավը Թուրքիայի հետ հաշտեցման սեղանին նստել է «արտաքին ճնշման» ազդեցությամբ եւ սեղանից հեռացել այդ ճնշումներով: Երեւանի կառավարության համար ամենաանհրաժեշտը արձանագրությունները հանրաքվեի դնելն է: Ավելին, Երեւանը թող ժողովրդին հարցնի. «Ի՞նչ կարծիքի է Ղարաբաղում առկա օկուպացիային վերջ տալու եւ Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները վավերացնելու հարցում»: Կարծում ենք` հայ ժողովուրդն ավելի հանդուգն ու խելացի որոշում կկայացնի, քան ղեկավարությունը: Անսպասելի կլինի, եթե հանրաքվեի մասնակիցների գոնե 80 տոկոսը կողմ չքվեարկի»: «Եթե «Դիպլոմատիկ գյոզլեմ» թերթը հանձնարարական չի ստացել, ապա ինքնակամ ստանձնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսափողի դերը: Սակայն ինչ էլ որ լինի, եթե Թուրքիայում արտգործնախարարությունը չի կարողացել հայկական կողմին պարտադրել արձանագրությունների վավերացման համար առաջադրվող նախապայմանները, ապա «Դիպլոմատիկ գյոզլեմը» առավել եւս չպետք է փորձի կամք թելադրել Հայաստանին: Անիմաստը հենց այս լկտի արարքն է, այլ ոչ թե Մեծ եղեռնի հուշահամալիրին պետքարտուղար Քլինթոնի ծաղկեպսակ դնելը: Ինչ վերաբերում է Հայաստանի արձանագրություններից բխող պարտավորություններին, ապա թուրքական թերթը Թուրքիայի նախապայմանները շրջանցելու գնով դրանց մասին հիշեցնելիս, անցնում է ցինիզմի տեսանելի եւ անտեսանելի բոլոր սահմանները, որը գագաթնակետին է հասնում արձանագրությունները հանրաքվեի դնելու առաջարկով եւ ակնկալիքով, որ հայ ժողովուրդը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների պատրաստ կլինի Լեռնային Ղարաբաղը զիջել հայ սպանելու համար մարդասպանին ազգային հերոս հռչակող ադրբեջանական ոհմակներին»,-եզրափակում է թերթը:

No comments: