Wednesday, July 28, 2010

Տիգրան Թորոսյան. «Արցախի ինքնորոշման իրավունքը և դրա կիրառումը անթերի են...»

7or.am. 28-7-2010- Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանն անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ասել է, որ Արդարադատության միջազգային դատարանն անցյալում էլ է այլ դեպքերի հետ կապված նման որոշումներ ընդունել: Նա նշել է, որ անգամ կար ժամանակ, երբ այդ որոշումները ոչ թե խորհրդակցական, այլ պարտադիր կատարման ուժ ունեին ՄԱԿ-ի անդամ երկրների համար, սակայն Հայաստանում շատ քչերն են տեղյակ այդ ամենին: -Ավելին, այն դեպքում, երբ ի թիվս մոտ չորս տասնյակ այլ երկրների՝ Ադրբեջանը գրավոր հայտարարություն էր ներկայացրել, և իր ներկայացուցիչն անցած տարվա դեկտեմբերին մասնակցում էր հարցի քմմարկմանը, Հայաստանը բացարձակապես անտարբեր էր գործընթացի նկատմամբ: Եվ դա պատահական չէ: Անցյալում էլ առիթներ եղել են ասելու, որ Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պատկերացում չունեն միջազգային իրավունքի նորմերի, դրանց հիման վրա հակամարտությունների լուծման հնարավորությունների մասին,-ընդգծել է Տիգրան Թորոսյանը և հավելել, որ տիրապետող են իննսունականների սկզբին ձևավորված թյուր պատկերացումները, և նրանցից շատերը դեռ համոզված են, որ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայություն ունի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Նրա կարծիքով՝ նաև դա է պատճառը, որ Մինսկի խմբի համանախագահները մինչ օրս մադրիդյան սկզբունքներում կարողանում են խուսափել ինքնորոշման սկզբունքի կիրառման վերաբերյալ հստակ ձևակերպումներից: -Կարծում եմ՝ ակնհայտ է, որ այդ մոտեցումներով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այդ բանակցությունների միջոցով հնարավոր չէ: Երբ միջնորդները աշխատում են անորոշ ձևակերպումներով ու հարցերի լուծման անհիմն հերթականությամբ ձգձգել գործընթացը, Հայաստանի ներկայացուցիչներն էլ վճռականության, անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների բացակայության պատճառով չեն կարողանում ստիպել, որ այն դառնա արդյունավետ, Ադրբեջանը երբեք չի ընդունելու ԼՂՀ անկախության հնարավորությունը: Ի վերջո, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը ևս կարող է հայտնվել միջազգային դատարանում,-ասել է Տիգրան Թորոսյանը։ Հայաստանը, սակայն, ըստ Տ. Թորոսյանի, պատրաստ չէ այսօր պաշտպանելու հայկական կողմերի դիրքերը: Նա նշել է, որ Կոսովոյի վերաբերյալ վճիռը ոչ թե նշանակում է, որ ցանկացած հակամարտության պարագայում Հաագայի դատարանում այդպիսի վճիռ է ընդունվելու, այլ որ այդպիսի վճիռ կընդունվի միայն հսկայածավալ աշխատանքի դեպքում' ներկայացնելով անհրաժեշտ փաստեր ու փաստարկներ. «Դատարանը վճիռ ընդունելիս միջազգային իրավունքի նորմերի կիրառելիությունը դիտարկում է այդ փաստերի ու փաստարկների հիման վրա, որոնք ներկայացնելու պարտավորությունը ոչ թե դատարանինն է, այլ կողմերինը: Կոսովոյի վերաբերյալ վճռի ամենակարևոր նշանակությունը կարող է լինել այն, որ Հայաստանի իշխանությունները հասկանան խնդրի իրավական բաղադրիչի հույժ կարևորությունը և անհրաժեշտ հետևություններ անեն: Մինչ այժմ Հայաստանի ներկայացուցիչները, անհրաժեշտ գիտելիքների բացակայության պատճառով, իսպառ թերագնահատել են իրավական բաղադրիչի նշանակությունը, մինչդեռ դա հայկական կողմերի ամենաազդեցիկ հաղթաթուղթն է, քանի որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և դրա կիրառումն անթերի են միջազգային իրավունքի շրջանակներում»: Տիգրան Թորոսյանը համոզված է, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, և որ սոսկ հայտարարությունները, թե խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, վաղուց իրենց սպառել են: Նրա խոսքերով՝ բանակցություններին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչները պետք է հիմնավոր գիտելիքներ ունենան ինքնորոշման իրավունքի տեղի մասին միջազգային իրավունքի նորմերի շրջանակում, այդ իրավունքի իրացման մեխանիզմների մասին և այդ պարագայում կհասկանան, որ ինքնորոշման իրավունքի կիրառման տեսակետից կոպիտ սխալ է, որ ԼՂՀ շահերը բանակցություններում ներկայացնում են ոչ թե ԼՂՀ, այլ Հայաստանի ներկայացուցիչները: Դա, նրա կարծիքով, ցույց է տալիս, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը հենց Հայաստանը լիարժեքորեն չի ճանաչել: Այդ պարագայում օտարներից ինչ-որ բան պահանջելը կա՛մ միամտություն է, կա՛մ երեսպաշտություն, և պատահական չէ, որ իրենց այս կամ այն դիրքորոշումը հիմնավորելու համար վերջին շրջանում անգամ համանախագահող երկրների ներկայացուցիչները մատնանշում են այն փաստը, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը: -Կհասկանան, որ գնացել են անիմաստ ու չփոխհատուցված զիջման' մի կողմ դնելով բոլոր պահանջներին բավարարող 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեի անցկացման փաստը (Կոսովոն ևս այդ թվականին է հանրաքվե արել): Կհասկանան, որ ԼՂՀ կարգավիճակի հարցը ամենավերջում թողնելը և դա փախստականների վերադարձով պայմանավորելը բացարձակապես անհիմն է ու պայմանավորված է բանակցություններին մասնակցող հայկական կողմի գիտելիքների լուրջ պակասով,-ընդգծել է Տ. Թորոսյանը և նշել, թե ամենակարևորն այն է, որ պետք է գիտակցվի՝ խնդիրն ունի կենսական նշանակություն, և շատ լուրջ մոտեցում է պահանջվում, հսկայածավալ աշխատանք և անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների առկայություն, սեփական ժողովրդի շահերը ուրիշների, այդ թվում և գերտերությունների շահերին չզոհաբերելու վճռականություն:

No comments: