Monday, July 5, 2010

Է.Նալբանդյան. «Անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար»

7or.am. 4-7-2010- Հուլիսի 4–ին տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը։ Ողջունել Հիլարի Քլինթոնին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ, և շնորհավորելով Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ անկախության հենց առաջին օրերից ամերիկացիները եղել են հայերի կողքին: Նրա խոսքերով. Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գնալով խորացել են և Հատկապես վերջին տարիներին երկու երկրների միջև բարձր մակարդակով շփումները աչքի են ընկել թե՛ հաճախականությամբ և թե՛ խորը բովանդակությամբ: -Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Վաշինգթոն և հանդիպումը Նախագահ Բարաք Օբամայի հետ կարևոր հանգրվան հանդիսացավ մեր փոխըմբռնման խորացման և հարաբերությունների զարգացման առումով: Անշուշտ մեր ժողովուրդների բարեկամության ամրապդման մեջ առանձնակի դերակատարում ունի ամերիկահայ համայնքը,- նշել է Է.Նալբանդյանը և հավելել, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները համակարծիք են միջազգային հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերում: Ադրադառնալով ղարաբաղյան հարցին, նա նշել է. «Մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար' հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության։ Մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել և ոչ թե ռազմատենչ վարքագիծ ցուցաբերել։ Մենք համամիտ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանի։ Մենք համակարծիք ենք տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանման հարցում; մենք կիսում ենք շուկայական տնտեսության և ժողովրդավարական արժեքների զարգացման տեսլականը»: Նա համոզմունք է հայտնել, որ կա մեծ ներուժ, որը պետք է օգտագործել առավել ընդլայնելու և զարգացնելու հայ-ամերիկյան համագործակցությունը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հանրապետության Նախագահի և պետքարտուղարի միջև հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես վերոնշյալ, այնպես էլ երկողմ համագործակցության առավել սերտացմանն առնչվող այլ հարցերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Միացյալ Նահանգների կողմից իրականացվող Հայաստանի զարգացմանն օժանդակող ծրագրերին և դրանց ընդլայնման հնարավորություններին, տնտեսական համագործակցության ակտիվացմանը: -Հարգելի տիկին պետքարտուղար, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու գործում: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել ձեզ հետ տարբեր ձևաչափերով և զանազան հարթակներում, բայց ինձ համար առանձհատուկ հաճելի է հյուրընկալել ձեզ Երևանում,- նշել է արտգործնախարարը։

No comments: